«Ես բացարձակ ոչ մի թերություն չեմ տեսնում․ Փաշինյանն իդեալական է»․ Ալխաս Ղազարյան
«Մեր պատգամավորներից որևէ մեկը կաշկանդված չի եղել որևէ միտք կամ այլ դիտակետ ներկայացնել»,- այս մասին «Ֆակտոր»-ի եթերում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Հովիկ Աղազարյանին և Հակոբ Ասլանյանին խմբակցությունից հեռացնելուց հետո ՔՊ պատգամավորները, թերևս, ավելի կաշկանդված կլինեն և կփորձեն հանկարծ չշեղվել Նիկոլ Փաշինյանի պատկերացրած գծից։
Անդրադառնալով հարցին՝ վեցուկես տարվա ընթացքում ո՞րն է համարում Նիկոլ Փաշինյանի թերությունը, պատգամավորը պատասխանել է․ «Ես բացարձակ ոչ մի թերություն չեմ տեսնում, ընդհակառակն՝ իդեալական է, առավել քան, անկեղծ եմ ասում»։
Դիտարկմանը, որ նույնիսկ Փաշինյանն է ասում, որ ինքը թերացել է, Ղազարյանն արձագանքել է․ «Եթե մարդն ի վիճակի է իրեն ինքնաքննադատորեն մոտենալ, դա լավագույն արժեքն է, քանի որ ինքնաքննադատությամբ ավելի ես լավարկում քո հետագա աշխատանքները»։