«Հայաստանի առջև ծառացած են թե՛ անվտանգային, թե՛ հումանիտար ծանր խնդիրներ». Ալեն Սիմոնյան

«Հայաստանի առջև ծառացած են թե՛ անվտանգային, թե՛ հումանիտար ծանր խնդիրներ». Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթ է ունեցել ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի բացման արարողությանը, այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից. «Այսօր մենք բոլորս լուրջ մարտահրավերների ենք առերեսվում աշխարհի ամենատարբեր անկյուններում: Խոսելով մեր տարածաշրջանի մասին՝ պետք է ասեմ, որ Հայաստանի առջև ծառացած են թե՛ անվտանգային, թե՛ հումանիտար ծանր խնդիրներ: Ցավոք, Ռեյկյավիկի գագաթնաժողովից հետո մենք ևս մեկ անգամ ականատես եղանք ուժի չկիրառման սկզբունքի, մարդու իրավունքների կոպիտ խախտումների:

Բարձր ենք գնահատում Եվրոպայի խորհրդի մարմինների հասցեական արձագանքներն ու գործողությունները՝ ուղղված Հայաստանում հաստատված Լեռնային Ղարաբաղից փախստականների կարիքներին: Կարևոր է Լեռնային Ղարաբաղի՝ բռնի տեղահանված բնակչության իրավունքների միջազգային պաշտպանությունը, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի կոնվենցիոն համակարգի ներքո: Օգտվելով առիթից՝ նաև մեր շնորհակալությունն եմ հայտնում ԵԽԽՎ-ին՝ Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ գերիների հայրենադարձման հրամայականի հարցը եւս ուշադրության կենտրոնում պահելու համար:

Ի հեճուկս առկա մարտահրավերներին՝ Հայաստանն ակտիվ ջանքեր է գործադրում տարածաշրջանում կայուն եւ տեւական խաղաղության հաստատման ուղղությամբ: Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում, մենք վավերացրել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև երբևէ գոյություն ունեցած առաջին միջազգային իրավական փաստաթուղթը` դա սահմանազատմամբ զբաղվող երկու հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն է: Սահմանազատման գործընթացի հիմքում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն է, ինչը նշանակում է, որ մեր սահմաններն այդ փաստաթղթով սահմանված, Խորհրդային Միության ժամանակ հաստատված սահմաններն են, որոնցով էլ երկու երկրներն անկախացել են:

Որպես խաղաղության օրակարգի կարեւոր բաղադրիչ՝ Հայաստանը նախաձեռնել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը խաղաղության հարատևման մեր ճանապարհային քարտեզն է՝ միտված տարածաշրջանային հաղորդակցությունների արդյունավետ ապաշրջափակմանը եւ կայուն տնտեսական զարգացման ապահովմանը՝ հիմնվելով երկրների իրավասության, ինքնիշխանության և օրենսդրության, փոխադարձության ու հավասարության սկզբունքների վրա:

Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մեր բոլոր գործընկերներին, որոնք հետևողականորեն օժանդակում են մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության»,- մասնավորապես ասված է ԱԺ նախագահի ելույթում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *