«Ինչո՞ւ Կրեմլն ապահովեց Ասադի փախուստը, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ ոչ»․ Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ, ՄԱՀՀԻ տնօրեն Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վարկած․ ինչու Կրեմլը ապահովեց Ասադի փախուստը, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ ոչ
Այսօր՝ կեսօրին, երբ կարդացի Ռոյթերզի լուրը, թե Սիրիայի գահընկեց նախագահ Բաշար Ասադի ինքնաթիռը կորել է ռադարներից, իսկ ընդդիմության աղբյուրը հայտնել էր ինքնաթիռի վթարի ու Ասադի մահվան մասին, ալարեցի գրել, որ խիստ կասկածում եմ լուրի իսկությանը, և դա նրա փախուստը աննկատ թողնելու ինֆորմացիոն օպերացիա էր։
Ռուսաստանում արդեն պաշտնապես հաստատել են, որ Ասադն իրենց մոտ է։ Այնուամենայնիվ, նրանք խղճացին իրենց երկարամյա ծառայած վասալին ու փրկեցին նրա կյանքը։ Գոնե՝ ժամանակավորապես, եթե, իհարկե, թողնեն ողջ մնա․․․
Այս խորապատկերին չես կարող զուգահեռ չտանել Արցախյան դրամայի հետ, երբ նրանք հանձնեցին Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությանը, ինչի փաստերն ուղղակի արսդեն անհերքելի են։ Այս առումով չափազանց ինֆորմատիվ են Սամվել Բաբայանի, Վահրամ Աթանեսյանի հարցազրույցներում առկա ուշագրավ դետալները, անպատասխան հարցադրումները։ Հայաստանի իշխանությունն էլ քանիցս հայտարարել է, որ նրանք ռազմական ուղղաթիռով Հայաստան գալու հնարավորություն են ունեցել, որն առաջարկել են Երևանից, սակայն նրանք նախընտրել են կամ Թուրքմենստանով Ալիևի փեսայի ընկերոջ միջոցով երաշխիքներ ստանալը, կամ որոշակի մակարդակներում ռուսական իշխանությունների հետ վարած բանակցությունները երաշխքիների թեմայով։
Ու սա մեզ բերում է չափազանց կարևոր մի դետալի ու վարկածի․ Հայաստանում լայն շրջանակներում մինչև այժմ ընդունված է համարել, որ 2023թ․ սեպտեմբերին ՀՀ երկու ու Արցախի ևս երկու նախկին նախագահների անմիջական դիրիժորությամբ տեղի ունեցած նախագահափոխությունը Ստեփանակերտում արված էր Ռուսաստանի հետ համաձայնեցված, որպեսզի պաշտոնական Ստեփանակերտը Երևանի հետ սինխրոն չխաղա արևմտյան հարթակներում խնդրի կարգավորման գործընթացում, այլ հակառակը՝ Երևանին հակադրվելով՝ Ստեփանակերտը ռուսական ռելսերի վրա բերի նաև Հայաստանին, կտրի Արևմուտք-Հայաստան պորտալարն ու ետ շրջվեն պրահյան, վաշինգթնոյան, բրյուսելյան համաձայնությունները․․․ Այս հետևությունը, անշուշտ ճշմարիտ է, բայց ոչ ողջ ճշմարտությունը։ Ու դա երևում է նրանից, թե ինչու Սիրիայում նրանք գոնե փրկեցին իրենց ծառայած Ասադի կյանքը, իսկ Սիրիայում վիճակն ավելի անվերահսկելի էր Կրեմլի համար, իսկ Արցախում, որի տեր ու տնօրենն էին, ոչ միայն հրաժարվեցին փրկել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կյանքը, այլ նախընտրեցին նրանց հանձնել Ալիևին․․․
Եվ ահա, որտեղ է այս թնջուկի պատասխանը․ ի վարկածն է, որ Մոսկվան Հայաստանի երկու ու Արցախի երկու նախկին նախագահների առաջ ձևական են դրել Ստեփանակերտում ռուսամետ իշխանություն ձևավորելու առաջադրանքը (ձևական՝ քանի որ արդեն իսկ Էրդողանի ու Ալիևի հետ պայմանավորվել էին Արցախի ապագայի շուրջ), մտածելով, որ նրանք դա անել չեն կարողանա, ու հետագայում կատարվողի (Արցախի վրա Ադրբեջանի հարձակում, զինաթափում, կապիտուլյացիա, էթնիկ զտում) մեղքը կբարդեն այդ արցախյան քառյակի վրա․․․ Ի վերջո, չմոռանանք մի շատ կարևոր դրվագ․ երբ 2020-21թթ․ տարբեր քարոզչական մեթոդներով Մոսկվան չկարողացավ հասնել նրան, որ Արցախյան պատերազմի սանձազերծման ու արդյունքների պատասխանատվությունը հայ հասարակությունը դնի ներկա իշխանության ու անձամբ Փաշինյանի վրա, Հայաստան եկած Պեգովը ցնցեց իր հետ նոր նառատիվ բերելով, այն է՝ Արցախի հետ կատարվածի մեջ մեղավոր են նախկին իշխանությունները․․․ Ժամանակին ես սրան անդրադարձել եմ։
Առաջ քաշված վարկածի համաձայն՝ երբ 2023թ․ Մոսկվան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վրա դրեց Ստեփանակերտում հակահայաստանյան իշխանություն ու քաղաքական կուրս ապահովելու ձևական առաջադրանքը (դա չափազանց տեսանելի էր Ռուբեն Վարդանյանի բոլոր հարցազրույցներից ու հայտարարություններից և ակնհայտորեն ինքն էր ստանձնել առաջադրանքի կատարումը), մտածում էր, որ նրանք դա չեն կարողանա անել։ Ի զարմանս Մոսկվայի, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Ռուբեն Վարդանյանը չափազանց արագ կոտրեցին Արայիկ Հարությունյանին (հիշեք, թե ինչպես ամռանը նա հուսահատ նախագահական նստավայրից գնաց և մտավ վրանային ճամբար՝ թողնելով «էլ չեմ կարող» հուսահատ ուղերձը) ու արեցին մի բան, որին միգուցե Կրեմլում էլ չէին սպասում։ Ավելին, սեպտեմբերի սկզբներին Հայաստանի երկու նախկին նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չթաքցնելով ուրախությունը Ազատության հրապարակից հավաստիացնում էին, որ առաջադրանքը կատարված և այժմ Ստեփանակերտում ռուսամետ իշխանություն է, որը կորդեգրի այն գիծը, ինչը պահանջվում է Կրեմլից իջեցված առաջադրանքում․․․ Թերևս այդ լույսի ներքո են երևում նաև նրանց թիմակիցների հայտարարությունները այն մասին, որ այժմ, Ստեփանակերտում իշխանության եկած նոր ուժի շնորհիվ Արցախը ունի ռազմավարական դաշնակից՝ Ռուսաստանը․․․ Սա հենց այդ ուղեձն էր պարունակում՝ Ստեփանակերտը այսուհետ խաղալու է միայն Մոսկվայի հետ, ոչ մի Բրատիսլավա, ոչ մի Բրյուսել ու Վաշինգթոն․․․ Ավելին՝ Ստեփանակերտը հակադևվելու է Երևանին ու հպատակեցնի նրան՝ պարտադրելով նույն կուրսը․․․
Այստեղ է, որ թաքնված է շան գլուխը․ Ռուսաստանի դեպքում այդ խնդիրը լուծելը ենթադրում էր արցախցիների հզոր ճնշում Հայաստանի վրա, որը հույս ունեին ստանալ նախ շրջափակման ու սովամահ անելու միջոցով, իսկ երբ դա չստացվեց՝ Արցախի վրա երկրորդ հարձակումը թույլ տալու միջոցով․․․ Հիշեք, Արցախի օդնավակայանում էթնիկ զտման վտանգից փախած արցախցիներին հավաքելու պատմությունը, երբ ռուսական աղբյուրները հայտարարում էին, թե Հայաստանը չի ցանկանում ընդունել արցախահայերին, որպեսզի Հայաստանի հասարակությունը ընդվզոմով լցվի կառավարության առաջ․․․ Իսկ այդ ընդվզման փորձը Կառավարության դեմ իսկապես եղավ․․․ Բայց այդ նույն ընթացքում Արցախի կապիտուլյացիոն տեքստն էր բանակցվում ռուսների միջնորդությամբ ու դրա մեջ խնամքով ներառել էին Հայաստանի անունը, որպեսզի կապիտուլյացիայի ենթարկվողը ոչ միայն Արցախը լինի, այլ նաև Հայաստանը, այսինքն՝ այդ կերպ Հայաստանը հպատակեցվի ռուսական կուրսին։ Հայաստանի ղեկավարությունը Սամվել Շահրամանյանին զգուշացնում է, որ նման ձևակերպումները անթույլատրելի են։ Հայաստանի վարչապետն այդ օրը նույնիսկ շտապում է ուղիղ եթեր մտնել և ասել, որ չի մտնի դրա տակ ու խոսեց հենց այս խնդրից․․․
Սա, Հայաստանին հպատակեցնելու ռուսական պլանն էր, որը չկարողացան իրականություն դարձնել ոչ ռուսական կողմը, ոչ էլ առաջադրանքը ստացած նախկին նախագահների քառյակը Ռուբեն Վարդանյանի հետ․․․․ Վերջիններս, որքան էլ խոստացել էին Հայաստանը բերել Արցախյան խնդրով Ռուսաստանի հպատակության դաշտ, այդուհանդերձ դա պատկերացնում էին ավելի պարզ սցենարով՝ Ստեփանակերտում ապահով նստելով ու Հայաստանի դեմ դատապարտող հայտարարություններ անելով, իրենց ռեսուրսներով Հայաստանում ներքաղաքական պրոցեսներ գեներացնելով․․․․ Բայց Կրեմլի մոտ նրանք արդեն իսկ սպառել էին այդ մեթոդով աշխատելու վերջնաժամկետը, ու նաչալնիկը պահանջում էր ավելի արյունոտ սցենարով լուծել խնդիրը, մանավանդ որ Ուկրաիանական պատերազմը իրեն ստիպել էր տորգի գնալ Էրդողանի ու Ալիևի հետ՝ հայերի հաշվին։ Ահա, թե ինչու մինչև վերջ Ռուսաստանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության առջև դնում էր ամենաանիրատեսական առաջադրանքները, համոզված լինելով, որ եթե նրանք պարզ առաջադրանքը չեն լուծել, ավելի բարդը ունակ չեն լինի լուծելու․․․
Եթե որևէ հնարքով նրանք կարողանային լուծել այս բարդ խնդիրը ու Արցախյան խնդրով սկուտեղի վրա Ռուսաստանին մատուցել նաև Հայաստանը, ապա միգուցե նրանք էլ արժանանային գոնե Ասադի բախտին՝ տեղափոխվեին Մոսկվա։
Բայց քանի որ խնդիրը խոշոր առումով չէին լուծել, այլ ընդամենը նախագահափոխություն էին արել, որը որևէ կերպ չէր մխիթարում Ռուսաստանին, ավելին՝ չէր կարող նախընտրելի լինել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Ռուսաստանի կնքած գործարքին, հետևաբար նրանք չէր առաջարկվի կյանքի փրկություն, ինչպես դա առաջարկվեց Ասադին․․․
Ի վերջո, չմոռանանք, որ նույն Ռուբեն Վարդանյանին Արցախյան խաղաղատախտակ իջեցնելը չափազանց արտառոց էր․ Կրեմլի կայքում հատուկ տեղադրվում է նրան ՌԴ քաղաքացիությունից զրկելու որոշումը՝ Ալիևին ապացուցելու համար, թե իրենք այդ ամենի հետ կապ չունեն, և Արցախում տեղի ունենալիք զորաշարժերի հրահրողը Երևանն է իր գործողություններով, որին պետք է համատեղ պատժել․․․ Ասացեք, խնդրեմ, կհիշեք որևէ այլ նման դեպք, որ Ռուսաստանի որևէ քաղաքացու, թեկուզև մեծահարուստ, քաղաքացիությունից զրկելու հրամանը զետեղվի Պուտինի կայքում․․․ Չկա ու չի եղել նման բան․․․
Ահա թե ինչու, վերջին պահերին Արցախի երկու նախկին նախագահներն իրենց կառավարության այլ անդամների հետ եղել են մի վայրում, իսկ Արայիկ Հարությունյանը՝ այլ․․․ Ինչպես Վահրամ Աթանեսյանն է նկատել իր վերջին հարցազրույցում՝ իսկ ինչո՞ւ նրանք բոլորը, որպես բախկաիցներ, արյունակիցներ, նույն տարածքում չեն եղել, երբ հանձնվել են Ադրբեջանի ծառայություններին․․․ Միգուցե հենց նաև այս պատճառով, որ վերջին պահին էլ ռուսներին ցույց տան, որ իրենք Արայիկ Հարությունյանի հետ չեն, այլ հանուն Կրեմլյան առաջադրանքի նրան գահընկեց անողներն են ու կատարվածը թատրոն ու խաղ չէր․․․ Բայց Մոսկվան, ինչպես հայտնի է, արցունքներին երբեք չի հավատացել ու հավատում․․․
Ու այս ամենը բավական հարցեր է առաջադրում ոչ միայն Բաքվում գտնվողներին, այլ նաև Հայաստանի իշխպանություններին։ Բայց սա՝ մեկ ուրիշ անգամ»։