Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր
Այս տարվա նոյեմբերի 1–ից մի շարք ապրանքախմբերի համար կներդրվի նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր։ Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։
Նպատակն է ապահովել ապրանքների շրջանառության հետագծելիությունը, բարձրացնել շուկայի թափանցիկությունը՝ կանխելով կեղծ ու անորակ ապրանքների տարածումը։
Փորձնական ծրագրերը կիրականացվեն հետևյալ ապրանքախմբերի համար․
- կրակմարիչներ և հրդեհային անվտանգության սարքավորումներ, պիրոտեխնիկական արտադրանք,
- հիգիենայի միջոցներ,
- հեծանիվ,
- ծխախոտի փոխարինիչներ,
- կենցաղային ապրանքներ,
- լուսանկարչական ապարատներ և ֆոտոլամպեր, այլ սարքավորումներ,
- դողեր և ավտոդողեր, ավտոպահեստամասեր, քսայուղեր և տեխնիկական հեղուկներ,
- կոշկեղեն, խաղալիքներ,
- ծովամթերք, մակարոնեղեն, այլ պատրաստի մթերք, քացախ, հրուշակեղեն, սննդային հավելումներ,
- բժշկական արտադրատեսակներ, անասնաբուժական դեղամիջոցներ, հակասեպտիկ և ախտահանիչ միջոցներ,
- բնական մորթուց հագուստի առարկաներ։
ՊԵԿ–ից նշում են, որ փորձնական ծրագրերի շրջանակում կստուգվեն և կկարգավորվեն ապրանքների դրոշմավորման մեխանիզմներն ու տեղեկատվական համակարգի աշխատանքը։
«Փորձարկումը կընդգրկի դրոշմավորման ենթակա ապրանքների ապրանքաշրջանառության ամբողջ շղթան՝ դրոշմավորման ծածկագրերի պատվիրումից մինչև ապրանքների շրջանառությունից դուրսբերումը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Կոմիտեից վստահեցնում են, որ ծրագրերի հիմնական նպատակն է տեխնոլոգիական նոր լուծումների կիրառմամբ ապահովել Հայաստանում ապրանքների շրջանառության հետագծելիությունը, բարձրացնել շուկայի թափանցիկությունը՝ կանխելով կեղծ ու անորակ ապրանքների տարածումը։
Ըստ ՊԵԿ–ի, այս թվային համակարգի ներդրումը կնպաստի Հայաստանի և ԵԱՏՄ կարգավորումների ներդաշնակեցմանը, ապրանքների տեղաշարժի պարզեցմանը, ինչպես նաև լոգիստիկ ծառայությունների զարգացմանը։