Հերյուրանքների հիման վրա շարադրված «զեկույցը» դրսևորումն է քաղաքական հաշվեհարդարի, քինախնդրության և Եկեղեցու ներքին կյանքին միջամտության
ՀՀ Կառավարության կողմից հրապարակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին այսպես կոչված զեկույցն իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական։ Այս մասին ասված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հայտարարությունում։
«Պետական միջոցների մսխմամբ՝ սոցցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված մեղադրանքների ու հերյուրանքների հիման վրա շարադրված «զեկույցը» դրսևորումն է քաղաքական հաշվեհարդարի, քինախնդրության և Եկեղեցու ներքին կյանքին դատապարտելի միջամտության։
Տեղին ենք համարում վերստին արձանագրել 2026թ․ փետրվարի 17-19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաքի որդեգրած դիրքորոշումը, որով հարկ է, որ ՀՀ իշխանությունները՝
- դադարեցնեն Եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգեն Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը՝ Եկեղեցի-պետություն հարաբերությունները խարսխելով փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ տարանջատման և ազգային շահի առաջնահերթության վրա,
- վերջ դնեն շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին,
- գործեն բացառաբար ՀՀ Սահմանադրությամբ, օրենսդրությամբ և միջազգային օրենքներով և հավատարիմ մնան հռչակված ժողովրդավարական սկզբունքներին՝ երաշխավորելով երկրում խղճի, կրոնի և դավանանքի ազատությունը, պառակտման փոխարեն ապահովելով հասարակական համերաշխություն,
- առկա խնդիրներն ու հակառակությունները փարատեն երկխոսության ոգով, առանց նախապայմանների՝ զերծ մնալով անհեռանկար վերջնագրային խոսույթից։
Ակնհայտ է, որ հենց ՀՀ իշխանությունների կողմից են ջանքեր գործադրվում արհեստական ճգնաժամ առաջ բերելու եկեղեցական կյանքում։ Անընդունելի է քաղաքական կամայական մոտեցումներով, մեքենայություններով ու պարտադրանքներով թելադրված բարենորոգման որևէ շարժում։ Հայոց Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և բարեկարգության գործընթացներն իրականացվում են միմիայն եկեղեցական կանոնական բարձրագույն մարմինների որոշումներով։
Եկեղեցու տկարացման, եկեղեցականության հեղինակազրկման որդեգրված սույն դատապարտելի քաղաքականությունը երբեք չի կարող ծառայել հայրենիքի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարիքին, միասնականության ամրապնդմանը, առավել ևս արտաքին անվտանգային սպառնալիքների հանդիման՝ առկա փորձությունների դիմագրավմանը»,-ասված է հայտարարության տեքստում։
Մայր Աթոռին հատկացված շինություններն ու կառույցները Հայոց Հայրապետի անձնական ունեցվածք ներկայացնելը ակնհայտ մանիպուլյացիա է և ամոթալի սուտ
Մեղադրանքը կամ զրպարտությունը չի կարող փոխարինել իրավական ապացույցին. 1-ին քրիստոնյա երկրի իշխանությունը վտանգում է ընդհանրական եկեղեցին․ Ռումինիայի հայոց թեմ
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց 2027 թվականի բյուջեի նախագծին
«Հետ կանչել զեկույցը, հրաժարվել Կաթողիկոսին հեռացնելու ծրագրից». CSI-ը մերժում է Եկեղեցու վերաբերյալ ՀՀ կառավարության զեկույցը
Եթե այսօր փողոցի ու քաղաքական ճնշման միջոցով փորձ է արվում հեռացնել Հայրապետին, ապա վաղը նույն մեխանիզմը կարող է կիրառվել եկեղեցական ցանկացած հարցի վերաբերյալ. Տեր Գաբրիել