Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ դատարան հանձնելու միջնորդությամբ:
Ըստ Քննչական կոմիտեի՝ Ա․ Չալաբյանը փորձել է դրդել որոշ անձանց, որպեսզի վերջիններս իրենց իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով խոչընդոտեն քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը:
Ըստ վարույթի նյութերի՝ նպատակն է եղել օտարերկրյա կազմակերպությունների աշխատակիցներին ստիպողաբար բերել Հայաստան՝ խորհրդարանական ընտրություններին «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար:
Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով (ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը:
Ավետիք Չալաբյանը և նրա փաստաբանները չեն ընդունում առաջադրված մեղադրանքը՝ այն որակելով «ծայրից ծայր սուտ» և քաղաքականապես մոտիվացված: