Հասարակական զուգարան՝ կրպակի տակ․ Աբովյան փողոցում թաքնված կառույցի մասին.
Աբովյան փողոցում գործող սուրճի կետի ապամոնտաժումից հետո բացված ստորգետնյա հատվածը երեկ զարմացրել էր շատերին, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին։
Ինչ նպատակի պետք է ծառայեր ստորգետնյա կառույցը՝ քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետիք Բաբայանը տեղում Factor TV-ի հարցին այսպես էր արձագանքել․ «Գետնանցում է, բայց փակվում է, ապաստարանի պես տեղ է եղել։ Ճիշտն ասած, չգիտեմ՝ ելքը որ կողմից է»։
Սակայն պարզվում է՝ սա գետնանցում չի եղել․ խորհրդային տարիներին այդ հատվածում գործել է հասարակական զուգարան։ Տարածքը տարիներ առաջ վարձակալության է հանձնվել 2000-2001 թվականներին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը զբաղեցրած Էդուարդ Մադաթյանին։ Վարձակալությունից հետո, այդտեղ կառուցվել է սրճարան՝ առանց համապատասխան թույլտվությունների։ Վարձակալության պայմանագրով նախատեսված էր, որ հանրային զուգարանը պետք է պահպանվեր և շարունակեր շահագործվել։ Սակայն Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ընթացքում սրճարանն ապամոնտաժվել է, ինչից հետո նախկին նախարարի ներկայացուցիչները դիմել են դատարան։ Դատարանն ապամոնտաժումը ճանաչել է ոչ իրավաչափ և Երևանի քաղաքապետարանից հօգուտ վարձակալի վնասի հատուցման վճիռ կայացրել՝ մի քանի հարյուր միլիոն դրամի չափով։ Ապամոնտաժումից հետո երկար ժամանակ տարածքում որևէ շինություն չի կառուցվել, սակայն հետագայում այնտեղ ապօրինի կերպով տեղադրվել են կրպակներ, իսկ դրանցում գործունեություն ծավալած տնտեսվարողները վարձավճար են տվել վարձակալին։
Լուսանկարը` Factor. tv-ի էջից