Ռազմական բժիշկներն ընտրել են այն զորամասերը, որտեղ շարունակելու են զինվորական ծառայությունը
Հուլիսի 30-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմական բժիշկ շրջանավարտների հետագա ծառայության վայրերի ընտրության և սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։
Սահմանված կարգի համաձայն՝ ռազմական բժիշկներն ընտրել են այն զորամասերը, որտեղ շարունակելու են զինվորական ծառայությունը։ Գործընթացն անցկացվել է լիարժեք հրապարակայնության և թափանցիկության սկզբունքով՝ ՊՆ հատուկ հանձնաժողովի, շրջանավարտների և նրանց ծնողների անմիջական մասնակցությամբ։
Շնորհավորելով նորընծա սպաներին ծառայության նշանակվելու առթիվ՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը մաղթել է նրանց բարի, արդյունավետ և անվտանգ ծառայություն՝ ընդգծելով ռազմական բժշկի պատասխանատու առաքելությունը զինված ուժերում։
Ուսումնառությունն ավարտած և վիճակահանությանը մասնակցած բժիշկ-սպաներին շնորհվել են առաջին սպայական կոչումները, որից հետո նրանք կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո կանցնեն ծառայության ՀՀ զինված ուժերի համապատասխան բուժկետերում և հոսպիտալներում։