«Այսուհետ հնարավոր է հեռահար ու առանց նոտարական վավերացման բնակարան գնել Հայաստանում»․ կառավարության նոր որոշումը
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, ըստ որի՝ հնարավոր է նորակառույցից բնակարան գնել առանց նոտարական վավերացման՝ կառավարության հաստատած օրինակելի ձեւին համապատասխան եւ Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի միջոցով։
«Սահմանում ենք համապատասխան պայմանագրերի այն ձեւանմուշները, որոնցով հնարավոր է եռակողմ պայմանագիր կնքել հիփոթեքային վարկավորման տրամադրմամբ։ Եռակողմ ասելով՝ նկատի ունենք առաջնային շուկայում կառուցապատող, գնորդ եւ հիփոթեքային վարկ տրամադրող բանկեր։ Այսինքն՝ Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգում կինտեգրվի այս ձեւանմուշը եւ թույլ կտա, որպեսզի հիփոթեքային վարկի առկայության պարագայում գնորդը, վաճառողը եւ բանկը էլեկտրոնային համակարգի մեջ հեռահար կնքեն կամ վավերացնեն այն պայմանագիրը, որը հիմք կդառնա իրավունքի պետական գրանցման համար։ Եվ սեփականության իրավունքը կառուցապատողից կփոխանցվի հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերողին»,- կառավարության նիստում ասել է Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։