Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելուց
«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով հետընտրական շրջանում կալանավորված ընդդիմադիր գործիչների (մասնավորապես՝ Արեգնազ Մանուկյանի և Ավետիք Չալաբյանի) նկատմամբ կիրառվող սահմանափակումները, որոնցով նրանց զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից։
Իրավապաշտպանները պնդում են, որ անչափահաս երեխաների հետ տեսակցությունների կամ հեռախոսակապի բացարձակ արգելքը խախտում է ընտանիքի պաշտպանվածության հիմնարար իրավունքը։
Ըստ հայտարարության՝ անկախ քրեական վարույթի փաստական հանգամանքներից կամ առաջադրված մեղադրանքներից, նմանատիպ արգելքը չունի և չի կարող ունենալ որևէ օրինական հիմք:
Կիրառվող սահմանափակումները, ըստ նախաձեռնության, նպատակ ունեն հոգեբանական ճնշում գործադրել կալանավորվածների վրա, ինչի հետևանքով նախնական կալանքը խափանման միջոցից ինքնին վերածվում է անօրինական պատժամիջոցի։