Ֆրանսիս Քյուրքջյանն արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևին՝ Պատվո լեգեոնի շքանշանին (Chevalier de la Légion d'honneur)։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է 2026 թվականի հուլիսի 14-ին։ Պարգևն ստանալիս անվանի պարֆյումերը հուզիչ հարգանքի տուրք է մատուցել իր տատիկին ու պապիկին, որոնք Հայոց ցեղասպանությունը վերապրելուց հետո ապաստան էին գտել Ֆրանսիայում։
Ֆրանսիս Քյուրքջյանը (Francis Kurkdjian) աշխարհահռչակ ֆրանսահայ պարֆյումեր է, ժամանակակից օծանելիքի արվեստի ամենաազդեցիկ և տաղանդավոր վարպետներից մեկը: 2021 թվականից նա հանդիսանում է նաև Dior նորաձևության տան օծանելիքի գլխավոր ստեղծագործական տնօրենը:
Ծնվել է 1969 թվականին Փարիզում՝ հայկական ընտանիքում (նրա նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանից՝ Հայոց ցեղասպանության ժամանակ)։
Ընդամենը 24 տարեկանում նա ստեղծեց իր առաջին մեծագույն հիթը՝ «Le Male» օծանելիքը Jean Paul Gaultier ապրանքանիշի համար, որը դարձավ աշխարհում ամենավաճառվող տղամարդու բույրերից մեկը:
2009 թվականին նա հիմնադրեց իր սեփական նիշային օծանելիքի տունը՝ Maison Francis Kurkdjian, որը հետագայում գնվեց շքեղության ոլորտի հսկա LVMH համախմբության կողմից։
Այս ապրանքանիշի ամենահայտնի և պաշտամունքային բույրն է Baccarat Rouge 540-ը – աշխարհի ամենահանրահայտ, քննարկվող և ճանաչելի բույրերից մեկը (ստեղծվել է Baccarat բյուրեղապակու տան 250-ամյակի առթիվ)։
Ֆրանսիս Քյուրքջյանը հպարտանում է իր հայկական արմատներով և բազմիցս այցելել է Հայաստան։ Նա նաև հատուկ բույր է ստեղծել (օծանելիքով ներծծված թղթեր)՝ ոգեշնչված հայկական ավանդական բուրավետ հեղուկներից: