Սերժ Սարգսյանի սանիկ, «Պատիվ ունեմ»-ական պատգամավոր Հայկ Մամիջանյանը հաճախ է հայտնվում մեր՝ civic.am-ի օբյեկտիվում՝ ամեն հերթական անգամ ապացուցելով՝ սանիկն այդպես էլ քաղաքականապես չի հասունանում։ Կամ էլ՝ հասունացմանը խանգարող հանգամանքներ կամ «խնամակալներ» կան, որոնք ստիպում են ընդդիմադիր խմբակցության ղեկավարին անել քաղաքական մանկուղեղներին բնորոշ հայտարարություններ՝ առանց մտածելու ռեզոնանսների ու հետևանքների մասին։ Այն էլ այնպիսի զգայուն ու խրթին ժամանակաշրջանում, երբ տեղի է ունենում ՀՀ-Ադրբեջան սահմանի սահմանագծման գործընթացը։ Մամիջանյանը նախօրեին ԱԺ բարձր ամբիոնից, իր փետուրների գունագեղությամբ (հետին թվով) զմայլված փասիանի կեցվածք ընդունած, ազդարարում էր, թե քավոր Սերժիկի օրոք ՀՀ-ն տարածքային ինչպիսի «ձեռքբերումներ» է ունեցել՝ ի տարբերություն գործող իշխանության պաշտոնավարման շրջանի, երբ ունեցել ենք կորուստներ։ ՀՀԿ-ականի այդ ելույթի, ավելի ճիշտ՝ ցուցմունքի «հյութեղ» կտորը տիրաժավորել է ՀՀԿ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը՝ փաստորեն, այսպիսով արտահայտելով իր «օդոբրյամսը» Մամիջանյանի ելույթի վերաբերյալ։ «Ստիպված եմ հրապարակել մի տվյալ, որը երբեք չի հրապարակվել։ 2013, 2014, 2015 թվականների ընթացքում ՀՀ-ի սահմանները, տարածքը ընդլայնվել են շուրջ 500 քառակուսի կիլոմետրով։ Եվ դա իրականացվել է ի պատասխան հակառակորդի դիվերսիոն, հետախուզական և այլ տիպի ագրեսիաների։ Բայց մենք դրա մասին չենք խոսել, մենք դա լուռ ենք արել, որովհետև դա կարող էր հակառակորդի կողմից առիթ դառնալ այս կամ այն գործողությունների իրականացման: Մենք չփորձեցինք ձեզ պես 2020 թվականի տավուշյան դեպքերը ներկայացնել որպես Հայրենական պատերազմ: Մենք լուռ աշխատում էինք, իսկ դուք լուռ բացառապես հող եք հանձնում»։ Հարց է ծագում՝ եթե այսքան ժամանակ ՀՀԿ-ն ու դրա վերնախավը իրենց «հալով են սթրվել»՝ լեզուներն ատամների արանքում պահելով, ով է, որ որոշել է հենց այժմ, հենց սահմանազատման գործընթացի համատեքստում քաշել նրանց լեզվից՝ ստիպելով շեփորահարել տարիներ առաջ տեղի ունեցած գործողությունների մասին։ Մամիջանյանի այս ելույթը գլուխգովանության էժանագին ակտ լինելուց զատ՝ նաև շատ վտանգավոր ցուցմունք է ՀՀ-ի դեմ, որի նպատակը կարող ենք կռահել. սահմանազատման գործընթացում, երբ ենթադրյալ «ընդլայնված» տարածքներից հայկական կողմը հետ քաշվի, ՀՀԿ-ն և Մամիջանյանի ոճի «տռուբաչները» սկսեն բացականչել հերթական դիրքա-հողային կորուստների մասին։ Ի դեպ, ՊՈՒ խմբակցության ղեկավարը ստում է՝ ասելով, թե փառահեղ այդ նվաճումների մասին իրենք չեն հայտարարել, այլ լուռ, գլուխները կախ իրենց գործին են եղել։
Նշենք, որ դեռ 2018-ի մարտին թերթերից մեկին տված հարցազրույցում Մամիջանյանի կուսակից ընկեր Միհրան Հակոբյանը, ի պատասխան դիտարկման՝ Սերժ Սարգսյանի գերագույն հրամանատարության ժամանակ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը, որտեղ հայկական կողմը 100-ից ավելի զոհ և տարածքային կորուստներ ունեցավ, բացբերանություն էր արել. «Ոչ, մենք չունեցանք տարածքային կորուստներ, մենք այդ 800 հեկտարի նկատմամբ վերահսկողության խնդիր ունենք։ Ու եթե հիմա մենք սկսենք հեկտարներով հաշվել, ապա Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում 20 հազար հեկտարի չափ հողային ձեռքբերում ունենք Նախիջևանի հատվածում»։
Հակոբյանի այս՝ մեծ աղմուկ բարձրացրած հայտարարության հետքերով գնացել էր FIP-ն ու ենթադրել, որ ամենայն հավանականությամբ խոսքը 2014-ի հունիսին տեղի ունեցած գործողությունների մասին է։ Այն ժամանակ հայկական զորքերը Նախիջևանի սահմանի մի շարք բարձունքներին հենակետեր տեղադրեցին, որտեղ մինչ այդ մշտական դիտարկում չէր իրականացվում։
Նախիջևանի ուղղությամբ հայկական դիրքերի բարելավման մասին որոշ տեղեկություններ, ինչպես նաև տեղում արված լուսանկարներ, հասանելի են Razm.info կայքի հրապարակումից։ Սակայն այդ կայքը նաև պարզաբանել էր, որ հիշյալ տարածքները այսպես թե այնպես ՀՀ տարածքներն էին, որոնց վրա հայկական մշտական հենակետեր չկային։ «Համեմատության համար միայն նշենք, որ 20.000 հեկտարը դա 200 քառակուսի կիլոմետր է, որը կազմում է Վայոց ձորի մարզի մոտ 10 տոկոսը: Եթե հաշվի առնենք, որ Հայաստանի և Նախիջևանի սահմանի երկարությունը մոտ 240-250 կմ է, ապա այդ սահմանում 200 քառակուսի կիլոմետր «առաջ գնալու» համար անհրաժեշտ կլիներ դրա ամբողջ երկայնքով դիրքերն առաջ տալ մոտ 830 մետրով, ինչն առանց լայնամասշտաբ պատերազմի պարզապես անհնար է: Այսպիսով, կարող ենք արձանագրել՝ Հայաստանը հենակետեր է տեղադրել սեփական տարածքի այն հատվածներում, որոնք մինչ այդ չէին վերահսկում։ Այս գործողությունները «հողային ձեռքբերում» կոչելը մանիպուլյատիվ է և չի համապատասխանում իրականությանը»,- եզրակացրել էր FIP-ը։
Նկատենք, որ տարածքային ձեռքբերումների մասին բացբերանության հաջորդ ակտը տեղի է ունեցել անձամբ Սերժ Սարգսյանի կատարմամբ։ Նա էլ, հիշեցնենք, 2021-ի փետրվարին «Արմնյուզ»-ին տված հարցազրույցում դիրքային բարելավումների թեմային անդրադառնալով, նշել էր. «Մենք 2012, թե՞ 2013 թվականին, միգուցե ավելի շուտ կամ միգուցե ավելի ուշ, ունեցել ենք մի դիրքային բարելավում, առնվազն 100 քառակուսի կիլոմետրից ավելի բարելավում ենք ունեցել, բայց մենք դա չենք գովազդել, որովհետև եթե դու այդպիսի բաները գովազդում ես, դու անելանելի վիճակ ես ստեղծում քո հակառակորդի համար, նա ստիպված ինչ-որ տեղ պետք է պատասխան տար, և Ալիևը մեզանից սովորել էր դա, և երբ որ ինքը 2018 թվականի մայիսին, հունիսին դիրքային մեծ բարելավում ունեցավ Նախիջևանում, դրա մասին բարձրաձայն չհայտարարեց: Հասկանում էր, որ կարևորը այն չէ, որ դու հայտարարես և, ինչպես ասում է ժողովուրդը՝ «աչոկ» հավաքես, կարևորը դիրքերդ բարելավելն է»: Հարկ է նկատել, որ 2018-ին Նախիջևանի հատվածում հայկական կողմի դիրքային կորուստենրի թեմային անդրադարձել է ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանն ու հերքել. «Իրենք իրենց տարածքում, իրենց հետ ընկած դիրքերից եկել են առաջ: Նույն ժամանակում մենք էլ ենք եկել առաջ այս ուղղությամբ: Այսինքն՝ մենք էլ ենք ունեցել բարելավում այդ՝ նախիջևանյան ուղղության վրա, և դա փորձել ենք անել՝ ի հակակշիռ իրենց: Բայց մենք ոչ մի սանտիմետր հետ չենք գնացել մեր հենակետերից կամ շփման գծից, որը եղել է»։
Հետաքրքիր է՝ այժմ, երբ Սերժ Սարգսյանի սանիկը ԱԺ ամբիոնից գործող իշխանության և Ալիևի աչքն է կոխում իր քավորի օրոք ՀՀ ԶՈՒ-ի ունեցած «դիրքային բարելավումները», ի՞նչ նպատակ է հետապնդում՝ «աչոկ հավաքելո՞ւ», թե՞ հետին թվով Բաքվին անելանելի վիճակի մեջ դնելու և դրանից բխող գործողությունների մղելու։
Ի դեպ, մերձՀՀԿ-ական կայքերից մեկը, անդրադառնալով նախկին նախագահի այս՝ դիրքային թեմայով «խոստովանությանը», նորից նույն եզրակացությունն էր արել (հավանաբար ՀՀԿ գրասենյակից «սպռավոչկա» էին ուղարկել ու հուշել), ինչ FIP-ը՝ խոսքը 2014-ին հարավարևմտյան հատվածում մեր ունեցած դիրքային բարելավումների մասին է, «երբ ադրբեջանցիների համար անսպասելի հայկական զորքը զբաղեցրեց գերիշխող դիրքեր սահմանի զգալի հատվածում, և մեր վերահսկողության տակ անցավ ավելի քան հարյուր քառակուսի կմ, որը մինչ այդ չէր վերահսկվում բարդ ռելիեֆի ու կլիմայական պայմանների պատճառով: Ընդ որում, ըստ տարածված տեղեկությունների՝ հայ զինվորները տարածքը հսկողության տակ էին վերցրել առանց որևէ կրակոցի՝ հմուտ մանևրի շնորհիվ, որից հետո ադրբեջանցիներն ուղղակի նահանջել էին»:
Ի դեպ, մի հարց Մամիջանյանին՝ ոնց հանում-գումարում ենք (դատելով Սերժ Սարգսյանի հայտարարությունից), հայկական կողմի դիրքային բարելավումների չափը առնվազն 100 քառակուսի կիլոմետրի սահմաններում է (պլյուս-մինուսով): Այդ դեպքում ուր մնաց ևս շուրջ 400 քառակուսի կիլոմետր «տարածքային ընդլայնումը», որի մասին Մամիջանյանը կոկորդ էր պատռում։
Հ.Գ. Նկատենք, որ նրա վկայաբերած տարեթվերը՝ 2013-2015, այն տարիներն էին (նախքան այդ՝ 2011-ին, տեղի էր ունեցել Կազանի ձախողված հանդիպումը, որի ժամանակ, ինչպես Սերժ Սարգսյանն է վկայել, Ալիևը համաձայնեցված փաստաթուղթը գրողի ծոցն ուղարկելով գրպանից ինչ-որ թուղթ էր հանել և 10 նոր առաջարկներ արել), երբ հայ-ադրբեջանական հակամարտությունը մտավ լարվածության նոր փուլ։ Այլևս ակնհայտ էր, որ Բաքուն ԼՂ խնդրի կարգավորման այլ տարբերակ չի տեսնում, քան՝ հարցը պատերազմով լուծելը։ Մամիջանյանն ու նրա քաղաքական պատրոնը ավելի լավ է պատասխանեն հարցին՝ ի՞նչ հետևություններ են արել այդ շրջանում արձանագրված ադրբեջանական դիվերսիոն, ագրեսիվ գործողությունների հաճախակիացումից և արդյոք պատրաստվե՞լ էին 2016-ի անխուսափելի պատերազմին՝ «տարածաշրջանի ամենամարտունակ բանակն» ունենալու մասին բլեֆով Ալիևին վախեցնելու, հայ հասարակությանն էլ «կերակրելու» արանքներում։