Դատապարտում ենք Չանչարևիչի, ինչպես նաև հավաքականի ցանկացած ֆուտբոլիստի հասցեին վիրավորանքները. ՀՖՖ հայտարարությունը

ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի խաղարկության երկրորդ տուրի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի հասցեին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորի կողմից հնչել են անհարկի վիրավորանքներ և մեղադրանքներ՝ կապված վերոնշյալ հանդիպման ընթացքում մեր դարպասապահի կողմից բաց թողած 2 գնդակների դրվագների հետ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՖՖ-ն՝ հավելելով, որ ֆուտբոլային հանդիպումներից հետո քննարկումներն ու քննադատությունները միշտ տեղին են և կարևոր, իսկ չհիմնավորված վիրավորանքներն ու մեղադրանքները՝ անտեղի և անընդունելի։

«Օգնյեն Չանչարևիչը հավաքական հրավիրվելու առաջին օրից ինչպես իր խաղով, այնպես էլ խաղադաշտից դուրս իր մարդկային որակներով մշտապես ապացուցել է, որ առավել քան արժանի է կրելու Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը, իսկ առանձին վերցրած որևէ խաղում թույլ տրված ենթադրյալ սխալները չեն կարող անհիմն մեղադրանքների պատճառ հանդիսանալ, հատկապես, որ նույն խաղի առաջին խաղակեսում մեր դարպասապահը մի քանի անգամ հուսալի խաղաց՝ փրկելով մեր թիմին:

ՀՖՖ-ն դատապարտում է Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը կրող ցանկացած ֆուտբոլիստի հասցեին հիմնազուրկ մեղադրանքների և վիրավորանքների արտահայտումը:

Մենք վստահ ենք, որ ինչպես Հայաստանի ազգային հավաքականում, այնպես էլ ակումբային մակարդակում Օգնյեն Չանչարևիչը բազմիցս ուրախացնելու է հայաստանցի երկրպագուներին իր հուսալի խաղով»,-ասված է ՀՖՖ հայտարարության մեջ:

Նշենք՝ խոսքը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի մասին է, որը հիշյալ խաղից հետո իր էջում գրել է. «Չի կարելի դարպասը վստահել մի դարպասապահի, որը լավն է, բայց պարբերաբար ձգտում է դեպի կոպիտ սխալը: Երկու գոլն էլ իր մեղքով էր: Նա դիտավորյալ բաց թողեց այդ գոլերը»:

Գրառման վերջում էլ Նազարյանը հավելել է. «Ֆուտբոլի ղեկավարները պետք է գործին շատ ավելի լուրջ մոտենան: Իրոք, եթե այսպես եք խաղալու, ավելի լավ է չխաղաք»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *