Ազգային ժոցովում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետին՝ պնդելով, թե իշխանությունը խզվում է իր խոստումների վարքագծից։
«Մասնավորապես՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, հարկատուն հերոս է, փոքր ու միջին բիզնեսի հարկային արտոնությունները վերացնելը կամ սահմանափակելը»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, ևս մեկ անգամ ընդգծեց, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ․ «Դա ասում եմ և կրկնում, որովհետև այն համակարգը, երբ ասում ենք քաղաքացուն՝ երթևեկության կանոնները խախտիր, փող տուր՝ էլի խախտիր, խախտիր՝ փող տուր, հիմա փոխվել է․ կա բալային համակարգ, դուք խախտելու որոշակի չափաբաժին ունեք։ Դրանից ավելի, երբ խախտեցիք, ուրեմն պետք է զրկվեք վարորդական իրավունքից, գնաք հաստատեք վարորդի ձեր կարողությունը, դրանից հետո պետությունը ձեզ հնարավորություն կտա մեքենա վարելու»։
Կառավարության ղեկավարը ընդգծեց, որ ոչ թե հարկատուն է հերոս, այլ աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող մարդը։
«Աղքատությունը մարդկանց մտքում է, այն սոցիալական ապահովության համակարգը, որը երկար տարիներ գործել է ՀՀ-ում, մարդկանց աղքատության մեջ պահելու քաղաքական նպատակ է հետապնդել, որպեսզի այդ մարդիկ այնքան 5 կամ 10 հազար դրամ իրենց կյանքում տեսած չլինեին, որ ընտրությունների օրը մեկը տանի, 10 հազար դրամ ցույց տա, այդ մարդիկ մտածեն, որ համարյա Աստված է, որ 10 հազար դրամ ունի»,- նկատեց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում