«Գյումրին համակարգային ռևանշի գործիքի վերածելու փորձերը պետք է կանխվեն»․ Արման Բաբաջանյան

«Գյումրին համակարգային ռևանշի գործիքի վերածելու փորձերը պետք է կանխվեն»․ Արման Բաբաջանյան
ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գյումրիի ընտրությունների շուրջ հասունացած իրավիճակը դարձավ կարևոր չափորոշիչ՝ հասկանալու ոչ միայն համայնքային, այլև պետական քաղաքական մշակույթի որակը։ Այս ընտրությունները վերածվեցին բազմաշերտ ճգնաժամի հանգուցալուծման փորձի, որտեղ բախվում էին՝ ընտրողի վստահության մանդատը, քաղաքական հաշվարկները, քաղաքացիական սպասելիքները և պետականության շարունակականության հարցը։
Մարտուն Գրիգորյանի հայտարարությունը, անկախ ձևից և բովանդակությունից, ընդունելի է համարվել՝ որպես քաղաքական որոշում, որը, ըստ էության, հանգեցրեց իշխանության ձևավորմանը մեկ թեկնածուի օգտին՝ առանց պաշտոնական դաշինքի անդամակցության կամ համագործակցության մասին փաստացի համաձայնության։ Բայց այստեղ կա մի կարևոր հանգամանք՝ այս որոշման շուրջ ձևավորված հանրային ընկալումը հանգեցրեց հստակ ինստիտուցիոնալ ճեղքի. ընտրական գործընթացի ձևական արդյունքներն իրականում չեն ապահովել ո՛չ քաղաքական կայունություն, ո՛չ հանրային վստահություն։ Ընդհակառակը՝ խորացրել են անվստահությունը և վերահաստատել են մի միտում, որը տարիներ շարունակ խեղդել են թե՛ Գյումրին, թե՛ այլ համայնքներ. կեղծ ընտրությունների պես տեսանելի, բայց իրականում խոցելի իշխանություն։
Քաղաքական առումով, Գյումրիի ավագանու նոր կազմը, որը փաստացի ձևավորվել է խոցելի և հանրային լեգիտիմության սուր պակասով, պարտավոր է գիտակցել, որ վարչական լծակները չեն կարող հավերժ լեգիտիմության երաշխիք լինել։ Քաղաքում առաջացած քաղաքական բևեռացումը, հատկապես «Մեր քաղաքը» դաշինքի որոշումից հետո, բացահայտեց՝ թե՛ ընտրողի դավաճանված սպասելիքը, թե՛ նախկինների նկատմամբ խորացող անվստահությունը, թե՛ ՔՊ-ի՝ որպես պետության լեգալ կառուցվածքի պահապանի կարևորությունը այս փուլում:
Գյումրու իրավիճակը ինչ-որ առումով վերածվում է թեստի Հայաստանի ներքին կայունության համար։ Այն ցույց է տալիս, որ եթե տեղական մակարդակում ժողովրդավարության երաշխիքները խաթարվում են՝ ներքաղաքական ողջ ճարտարապետությունը կարող է կասկածի տակ դրվել:
Մարտուն Գրիգորյանի հայտարարության մեջ երկրի ապագան Գյումրու ավագանու ընտրություններից կախված ներկայացնելը ոչ միայն անհամարժեք քաղաքական իղձ է, այլև վտանգավոր մանիպուլյացիա՝ ուղղված տեղական գործընթացներին համապետական նշանակություն հաղորդելուն։ Սա հանրային գիտակցությունը թունավորելու փորձ է։ Ոչ մի տեղական ավագանի չի կարող և չպետք է վերածվի կենտրոնական իշխանության վերաձևման հարթակի, և եթե որևէ ուժ փորձում է Գյումրին դարձնել համակարգային ռևանշի գործիք, այդ փորձերը պետք է կանխվեն՝ թե՛ քաղաքական հակակշիռներով, թե՛ հանրային զսպման ուժով։
Գյումրիում ընտրությունը դարձել էր բարոյական մենամարտ իշխանության, նախկին համակարգի և հիասթափության միջև։ Ու երբ պարտվում է հույսը, հաղթում են հին մեխանիզմները՝ առանց թարմացվելու, առանց վերարժևորման։
Սարիկ Մինասյանի ներկայությունն ավագանիում այս պահին ունի շատ մեծ քաղաքական նշանակություն։ Նա չպետք է վայր դնի մանդատը, որովհետև քաղաքում ՔՊ-ի քաղաքական ներկայությունը այլևս պատասխանատվություն է պետության առաջ։ ՔՊ-ն Գյումրիում պետք է հանդես գա որպես պետականության, օրենքի և հանրային հավասարակշռության, ժողովրդավարության պաշտպանության հենարան:
Ինչ վերաբերում է ԱԺ այն պատգամավորներին, որոնք դեկլարատիվ կերպով ասպարեզ են իջել ավագանու ընտրություններին՝ հիմա կա մի իրական հնարավորություն։ Փոխարենը որ ԱԺ հարթակներից խոսեին Գյումրու գծագրվող ճակատագրից, հիմա կարող են հստակ զբաղվել սանհանգույցների, մայթերի, շների և տեղական բյուջեի հարցերով։ Քաղաքը կարիք ունի այդպիսի մոտեցման:
Դավիթ Առուշանյանը ներկայում հայտնվել է բարդ, բայց չափազանց կարևոր պատասխանատվության առանցքում։ Որպես Շիրակի մարզպետ և ՔՊ բարձրաստիճան ներկայացուցիչ՝ նա փաստացի պարտավոր է աշխատել մի քաղաքապետի հետ, ով ոչ միայն քաղաքական այլ բևեռից է, այլ նաև լրջագույն իրավական և հանրային հակասություններ ունի։ Սակայն հենց այստեղ է խաղի դաշտ մտնում պետական մտածողությունը։ Առուշանյանը պետք է հստակ գիտակցի, որ այսուհետ նրա ամեն քայլը դիտարկվելու է որպես իշխանության վերաբերմունքի ցուցիչ Գյումրու հանդեպ։ Եվ այդ քայլերը պետք է լինեն ոչ թե անձերի հետ կապի, այլ ինստիտուցիոնալ վերահսկողության և օրենքի գերակայության դիրքերից՝ հանուն համայնքի կայունության ու պետության արժանապատվության։
Գյումրու այս արդյունքները չեն արձանագրել փոփոխություն, բայց արձանագրել են, որ փոփոխության պահանջ կա։ Եվ այժմ այդ պահանջի հետագա սպասարկումը ընկած է նրանց վրա, ովքեր, նույնիսկ չլինելով մեծամասնություն, մնում են հանրային աչքի առաջ՝ որպես պետական տրամաբանության կրող։ Սա է ՔՊ-ի ներկայիս առաքելությունը Գյումրիում՝ պայքարել պետության և պետականության համար։
Գյումրու ընտրությունների արդյունքներն ամենևին էլ չեն ամրագրել վերջնականություն։ Ընդհակառակը՝ ստեղծել են ժամանակավոր և խիստ խոցելի կառուցվածք, որի պահպանման համար առկա է ոչ թե հանրային համաձայնություն, այլ միայն քաղաքական պահի թելադրանքով ձևավորված միակողմանի սատարում։ Սա ինքնին լեգիտիմության ճգնաժամ է։ Ակնհայտ է, որ իրավիճակը կարող է արագ հանգեցնել նոր ճգնաժամի՝ թե՛ տեղական, թե՛ համապետական մակարդակներում։
Գյումրու ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանն այլևս չի կարող ապավինել նախորդ շրջանի մանիպուլյատիվ և էմոցիոնալ քարոզչության վրա։ Բանաձևը պարզ է՝ կամ հանրային վստահություն, կամ անկայունություն։ Եվ հենց այդ պատճառով է պետք, որ Գյումրիում ՔՊ-ն՝ թեկուզ նորից ընդդիմության կարգավիճակով, մնա ամուր, պատասխանատու և կազմակերպված՝ որպես պետականության վերջին ինստիտուցիոնալ ողնաշար։ Որպես միակ ուժ, որն այսօր ի վիճակի է հավասարակշռելու համակարգը և թույլ չտալու, որ Գյումրին վերածվի քաղաքական շանտաժի և ռևանշի հարթակի։
Մենք՝ քաղաքական գործիչներս, քաղաքացիական ուժերը, պետք է գիտակցենք. Գյումրու ճակատագիրը լուծվում է այն ժամանակ, երբ քաղաքը սկսում է ապրել արժանապատիվ, իրավական և ժողովրդավար միջավայրում։ Եվ այդ գործը նոր է սկսվում:
Ակնհայտ է, որ այս ընտրություններով ոչ միայն չի ավարտվել Գյումրու քաղաքական ճգնաժամը, այլ ընդամենը մուտք է գործել նոր փուլ, որը լինելու է անկայուն և կասկածելի լեգիտիմությամբ։ Ձևավորված ավագանին չի կարող երկարաժամկետ կտրվածքով ապահովել ոչ կառավարելիություն, ոչ հանրային վստահություն։ Ուստի լիովին հավանական է, որ մինչև 2026 թվականը Գյումրին կանգնելու է նոր ընտրությունների անհրաժեշտության առաջ։ Սա նաև կոչ է բոլոր առողջ, պատասխանատու և երկարաժամկետ առաքելություն ունեցող քաղաքական ուժերին՝ այս պահից սկսած պատրաստվել ոչ թե մի ընտրության, այլ արժեքային բախման՝ հանուն Գյումրիի ապագայի։ Սխալ ընտրություն կատարած քաղաքը չի կարող թողնվել պատահականության, վախի կամ շահարկման խառնաշփոթին։ Գյումրին արժանի է այլընտրանքի»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *