««Սերժն ա բերել Նիկոլին» թեզը «տակից» հատուկ էր արվում»․ Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին օրերին ծավալվող ներընդդիմադիր բանավեճը (շատ մեղմ բառ եմ օգտագործում) հաճախ շատ ու շատ ու շատ անցանկալի դրսևորումներ է ստանում։ Այն ինձ մեծ ցավ է պատճառում, քանի որ հաճախ ասվում են բաներ, որոնք ուղղակի չպետք է ասվեին։ Մարդիկ ասում են իրենց «սրտի տակ եղածը», և հաճախ ցավ ես ապրում, որ այդպիսի բաներ են եղել նրանց «սրտի տակ»։
Բայց քանի որ բանը բանից անցել է, ես անազնիվ եմ համարում լռելը և անկողմնակալ երևալը, մանավանդ որ իմ «սրտի տակ» էլ բաներ կան, որոնց մասին տարիներ շարունակ լռել եմ՝ սոլիդարությունից ելնելով։ Բայց հիմա այլևս պատճառ չեմ տեսնում լռելու:
Ավելին, վերջին 2-3 օրերին քաղաքի փողոցներում ինձ մոտեցող մարդիկ նախկինի պես չեն հարցնում, թե ինչպես է կարելի բաժնեմասից զրկել «անպատկառ հարսին» կամ երբ ենք վերջապես «սրանց քշելու»։ Դրա փոխարեն, մարդկանց հարցերը բացառապես վերաբերում են այդքան անցանկալի ներընդդիմադիր բանավեճին։
Հատկապես ցավալի է «ճիշտ ա՞, որ Սերժն ա նիկոլին բերել» հարցը։ Ցավալի է, նախ, այն պատճառով, որ ճանաչելով Երրորդ նախագահին, պարզապես բացառում եմ, որ նա այս տիեզերական մասշտաբի դավաճանին կապեր մեր գլխին։ Եվ նաև վստահ եմ, որ այժմ նրա թիվ մեկ նպատակը այդ տիեզերական մասշտաբի դավաճանից Հայաստանն ազատելն է։
Իսկ հիմա ասեմ ի՛մ «սրտի տակ եղածը»։ 2021 թվականի ամառվանից հետո ես ինձ խաբված եմ զգում։ Խաբված եմ զգում, որովհետև վստահել էի Երկրորդ նախագահի աներկբա ու ծանրակշիռ «կրելու ենք» խոստմանը, սակայն նույնիսկ հետընտրական գործընթաց տեղի չունեցավ։ Խաբված եմ զգում, որովհետև ոչ միայն հետընտրական գործընթաց տեղի չունեցավ, այլև ծանր պարտությունը ներկայացվեց որպես հաղթանակ։ Խաբված եմ զգում, որովհետև ինձնից հասանելիք ամեն ինչ արել եմ իրական հաղթանակի համար։ Այսքանից հետո ես էլ ինչպե՞ս կարող եմ վստահել Երկրորդ նախագահի նոր ծրագրին։
Ու վերջում։ «Սերժն ա բերել նիկոլին» թեզը տաքսիստների մակարդակով ծավալուն շրջանառություն ստացավ հատկապես 2021 թվականի կործանարար ընտրություններից հետո։ Էն ժամանակ մտածում էի, որ դա պարզապես զուգադիպություն է։ Հիմա արդեն ստիպված եմ ենթադրել, որ դա «տակից» հատուկ էր արվում՝ 2021 թվականի ընտրություններում դառը պարտության սլաքներն ուրիշին ուղղելու նպատակով»։
««Սերժն ա բերել Նիկոլին» թեզը «տակից» հատուկ էր արվում»․ Ռուբեն Մելիքյան
