Դպրոցում քարոզչություն չպետք է անել. քաղաքական զսպվածություն չցուցաբերող տնօրեները սանկցիաների կենթարկվե՞ն

Օրերս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ դպրոցի տնօրենը քաղաքական զսպվածություն չցուցաբերելու դեպքում սանկցիաների կենթարկվի։

Վերջինս դա համարել էր կարևոր հանձնառություն, որը կրթական հաստատությունը զերծ կպահի կուսակցականացման կամ քաղաքականացման ջանքերից։ Նախարարը, սակայն, դեռևս չի բացահայտել, թե ի՞նչ տեսքով են կիրառվելու տվյալ սանկցիաները, ե՞րբ ու ինչպե՞ս են գործելու։

Երևանի 188 ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լիլիթ Աբաջյանը նախարարի ներկայացրած նախագծին կողմ է, միևնույն ժամանակ նկատում է, որ այժմ դպրոցներում քիչ են դեպքերը, երբ որևէ բան կուսակցականացվում կամ քաղաքականացվում է:

«Միտքը լավն է, սակայն դեռ պետք է հասկանալ, թե ինչ սանկցիաներ են գործելու, որովհետև նման դեպքերում պատժամիջոցները քիչ ազդեցություն կունենան, որքան միջավայրի ձևավորումը, երբ հասարակությունը հասնի այն փուլին, երբ գիտակցի, որ ուսումնական հաստատությունները քաղաքականացման վայր չեն։ Ճիշտ է, արդեն նշեցի, որ դպրոցներում նման երևույթներ գրեթե չենք հանդիպում, բայց կարծում եմ, որ նոր միջավայրն ու մշակույթը կնպաստեն այդ երևույթների իսպառ վերացմանը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Ըստ ուսուցչի՝ պետք է հստակեցվեն ու բարձրաձայնվեն, թե ինչ պատժամիջոցներ են գործելու, որից հետո հասկանալի կլինի նաև, թե դրանք որքան կնպաստեն քաղաքական զսպվածությանը․ «Ինչպե՞ս է լինելու պատժամիջոցը․ խիստ նկատողությո՞ւն, թե՞ նույնիսկ աշխատանքից ազատում։ Պարզ չէ նաև, թե ինչպե՞ս են բացահայտելու այդ դեպքերը։ Ամեն դեպքում, եթե դասարանի ներսում նման քայլ անեն տնօրենը կամ ուսուցիչը, ծնողները չեն խուսափի բարձրաձայնելուց, որովհետև այժմ ծնողները բարձրաձայնում են ամեն ինչ, նաև շատ ավելին են ասում, երբեմն՝ իրականությանը չհամապատասխանող»։

Միևնույն ժամանակ զրուցակիցն ասում է՝ պետք է պարզաբանվի, թե ո՞ր քայլն է համարվելու քաղաքականացվածություն․ «Դպրոցական թեմաներ կան, երբ պետք է պատմական ժամանակաշրջանի քաղաքական վիճակ ներկայացվի ու համեմատական անցկացվի։ Գուցե մեկը մի կարծիք հայտնի, մյուսը՝ այլ, հետո երեխան գնա տուն ու հայտարարի, որ իր կարծիքը գուցե չեն լսել, ծնողն էլ մտածի, որ դա քաղաքական գործունեություն է։ Պետք է դա էլ հստակեցվի՝ ո՞ր դեպքում է կարծիքը համարվելու քաղաքական»։

Վերջինս նաև նկատում է, որ վերջին տարիների ընթացքում դպրոցներում շատ բան է փոխվել, եթե նախկինում կային «թաղային հեղինակություններ», որոնք այցելում էին դպրոց կամ ուսուցիչների բնակարաններ՝ ստիպելու քաղաքական որևէ կարծիք ունենալ, ապա հիմա նման երևույթները բացառված են։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նույնպես փաստում է՝ այս պահին համակարգված ձևով տնօրենների քաղաքականացում չկա, բայց Կառավարությունը հակված է ունենալ չեզոք տնօրեններ․ «Չեմ կարծում, որ այս պատժամիջոցները վերաբերում են այն տնօրեններին, որոնք ունեցել են կամ ունեն ընդդիմադիր հայացքներ, որովհետև, որպես կանոն, այդպիսի տնօրենները զգուշավորություն են ցուցաբերում՝ գիտակցելով հետագա խնդիրները։ Ամեն դեպքում, ես նույնպես կողմ եմ այդ սանկցիաներին, քանի որ դպրոցում սովորում են երեխաներ, և դպրոցի տնօրենի ցանկացած քաղաքական պատկանելիություն պետք է զսպված լինի»։

Նրա խոսքով՝ սանկցիաների կիրառումը չի ոտնահարի տնօրենի կամ ուսուցչի իրավունքը, քանի որ օրենքով արդեն իսկ սահմանված է, որ դպրոցում քարոզչություն չպետք է անել. երբ որևէ տնօրեն փորձի դա անել, արդեն լիարժեք հնարավորություն կտրվի նկատողություն տալ նրան, ամենասուր դեպքերում էլ անգամ աշխատանքից ազատել․ «Այսինքն՝ տնօրենը կարող է ունենալ կուսակցական պատկանելիություն, բայց չպետք է արտահայտի դպրոցում աշխատանքային ժամերին։ Պետք է նաև հասկանալ ընդմիջման ժամերի գործունեությունը, որովհետև դա համարվում է ոչ աշխատանքային ժամ»։

Ըստ փորձագետի՝ եթե որևէ մեկը տնօրենին չստիպի նման վարք դրսևորել, ապա կրթական հաստատության ղեկավարին ձեռնտու չէ քաղաքականացված կողմնորոշում ունենալը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *