«Հայ մարդուն ցեղասպանի դատին հանձնելը հանցակցություն է»․ Սեյրան Օհանյան
Բռնապետական Բաքվում շարունակվում է հայ գերիների դատավարությունը՝ շինծու մի գործընթաց, որի նպատակն է Հայաստանը և հայ ժողովրդին հռչակել` որպես ագրեսոր և օկուպանտ՝ փորձելով հիմքեր ստեղծել նոր զիջումներ կորզելու համար։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Ավտորիտար ու կոռումպացված, հազիվ մեկ դար ապրած մի պետությունը, որն ունի ջարդարարի ու ցեղասպանի վարքագիծ, այսօր դատում է Արցախի ղեկավարների, ՊԲ-ի հրամանատարների, ինքնապաշտպանական պայքարի մասնակիցների․․․ Ադրբեջանը շարունակում է ՀՀ-ի նկատմամբ ռազմատենչ հայտարարություններն ու օկուպացված է պահում ինքնիշխան տարածքներ։
Եվ օգտվելով Հայաստանի իշխանությունների կամազուրկ վարքից ու կեղծելով պատմությունը՝ ամեն օր նոր, ավելի ամոթալի ու վտանգավոր զիջումներ է կորզում։
Հայաստանը լուռ է․․․ Հայ մարդուն ցեղասպանի դատին հանձնելը նշանակում է հանցակից լինել․․․ Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը, ազատ, անկախ ապրելու իրավունքն ու ձգտումը»: