Հայաստանում աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով

Հայաստանում նախատեսվում է աշխարհազորը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

«Նախատեսվում է ներկայում գործող աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով: Սահմանվում են դրանց խնդիրները, դերը, ղեկավարման սկզբունքները, կառուցվածքը, այդ ստորաբաժանումների համալրման կարգը: Տեղական պաշտպանության ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնելու է բանակային կորպուսի հրամանատարը, և դրանք ներառվելու են զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի կազմում՝ որպես աջակցող ստորաբաժանումներ»,–ասաց Սարգսյանը:

Տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումները համալրվելու են համայնքում հաշվառված, պատերազմական ժամանակի հաստիքներին չկցագրված և պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով կամավորության սկզբունքով՝ անձի հետ պայմանագիր կնքելու միջոցով, որը չի համարվելու զինվորական ծառայության անցնելու պայմանագիր:

Սահմանվում են նաև տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումներում քաղաքացիների ներգրավման, պատրաստման և կիրառման պայմանները, որոնք մեծամասամբ նույնական են գործող օրենքով աշխարհազորայինների մասով նախատեսված պայմաններին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *