«Նիկոլին սատարել են Բորիս Մուրազիները և այսօր փորձում են մեղքը գցել մեր վրա»․ Հենրիխ Դանիելյան
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ կից գրառմամբ․ «Մի հետաքրքիր պատկեր է ձևավորվում ներքաղաքական դաշտում։ Քաղաքական դաշտից դուրս մնացած կամ այս դաշտում հայտնվելու անօգուտ փորձեր անողները կարծես մոռացել են, որ մարդկանց մոտ կա հստակ կարծիք նրանց մասին, և այդ կարծիքը ձևավորվել է տարիների ընթացքում՝ նրանց քայլերին հետևելու արդյունքում։ Մասնավորապես՝ ես նկատի ունեմ Բորիս Մուրազիին, ով փորձում է մարդկանց անհարկի մեղադրելով մաքրել այն խարանը, որից չես կարող մաքրվել, մինչև ներողություն չխնդրես։ Այդ խարանը կոչվում է 2018 թվականի իշխանազավթման գործընթացին գիտակցաբար սատարումը և դրանից առաջ վարած քաղաքականությունը, որը միտված է եղել տարբեր մարդկանց վրա Նիկոլ Փաշինյանի մեթոդով բանսարկություններ գրելուն և դրա դիմաց գումար ստանալուն։
Բորիս Մուրազիի դեպքում մենք գործ ունենք, կարելի է ասել, Ալեն Սիմոնյանի աշխատողի հետ, ում այլ կայքից՝ վատ աշխատելու համար, հեռացրել էին, և նա իր տեղը գտավ դե ֆակտո Խաչատուր Սուքիասյանին (Գրզոյին), իսկ դե յուրե՝ Ալեն Սիմոնյանին պատկանող Araratnews կայքում, որտեղ նա շարունակում էր իր գործունեությունը՝ տարբեր մարդկանց վրա ցեխ շպրտելու դիմաց գումարներ վերցնելով։
Սիրելի հայրենակիցներ, տեղադրել եմ լուսանկար, որը ոչ թե կոնտեքստից կտրված և մոնտաժ արված տեսանյութ է, այլ լուսանկար, որը բացահայտում է այս մարդկանց իրական դեմքը։ Սրանք փորձում են թաքնվել ստերի քողի տակ և փախչել ճշմարտությունից, որը շատ պարզ է. Նիկոլին սատարել են Բորիս Մուրազիները և այսօր փորձում են այդ մեղքը գցել մեր վրա։ Ահա և ամբողջը։
Հ.Գ. Այլ համագործակցությունների, մասնավորապես՝ Բրիտանիայի դեսպանատնից ստացած գումարների, որոնք փոխանցվել են Բորիսին, և նրա կատարած կամ չկատարած գործերի կամ գրած հոդվածների մասին, այս պահին զերծ կմնամ անդրադառնալուց, բայց դա միայն այս պահին»։