ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ եթե Հայաստանի իշխանությունները ցանկանում են ուղիղ բանակցություններ Ադրբեջանի հետ առանց Ռուսաստանի մասնակցության, ապա՝ «ի սեր Աստծո»:
«Նույն կերպ մենք հիմա անհանգստացած ենք, որ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մի քանի գագաթնաժողովներում կնքված եռակողմ համաձայնագրերը նույնպես մնացին օդում առկախված: Ես նշեցի տրանսպորտային կապերի վերսկսումը և նշեցի նաև եռակողմ հանձնաժողովը, որը զբաղվում էր այդ հարցով, և այժմ պրակտիկորեն չի էլ հանդիպում: Այժմ Երևանը կարծում է, որ դա ուղղակիորեն պետք է արվի Ադրբեջանի հետ, բայց եթե դա հաջողվի, ապա՝ ի սեր Աստծո»,- ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ ՄԳԻՄՕ ուսուցիչների և ուսանողների հետ հանդիպմանը:
Լավրովը նաև նշել է, որ պետական սահմանի սահմանազատման հարցում Ռուսաստանի Դաշնությունը պետք է խորհրդակցի այս գործընթացի մասնակիցների միջև, սակայն դա տեղի չի ունենում։
«Ոչ, նրանք չեն ցանկանում և միևնույն ժամանակ անընդհատ ձգտում են հործընթացին գրավել Արևմուտքին, ԱՄՆ-ին, Եվրամիությանը, Փարիզին, որպեսզի իրենց հովանավորությունը տանեն ցանկացած գործընթացի, դա իրենց ընտրությունն է, բայց անհրաժեշտ է բանակցել, առաջին հերթին՝ ադրբեջանցի հարևանների հետ, այլ ճանապարհ չկա»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Միևնույն ժամանակ, ըստ նրա, «բոլոր տարբերություններով և հակասություններով հանդերձ», Ռուսաստանը և նրա գործընկերները «հասկանում են, թե ով ինչի համար և հանուն ինչի է հանդես գալիս»:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունները դրական արդյունքներ են տալիս, և ինքը կարծում է՝ երկկողմ և ուղիղ բանակցությունների ձևաչափն առավել արդյունավետ է: