«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել: Այն ներկայացնում ենք ստորև.
«Գիտե՞ք, մենք երբ ենք Արցախին դավաճանել:
Մենք Արցախին դավաճանել ենք, երբ ազգովի թողել ենք, որ երկրի ռեսուրսները քամվեն, որ միակ աշխատող պետական համակարգը լինի կոռուպցիան, որ բանակում գնդի հրամանատարի համար զորքի փոխարեն առաջնային լինի սեփական խոզերին պահելը։
Մենք Արցախին դավաճանել ենք, երբ ազգովի հույսներս դրել ենք դավաճան դաշնակցի վրա, որի միակ ուզածը մեզ թանկով ծախելն ու մեր անկախությունը խլելն էր (Ադրբեջանին զինելը չասեմ)։
Մենք Արցախին դավաճանել ենք, երբ ազգովի ինքներս մեզ համոզել ենք, որ մենք աշխարհի ամենահզոր ազգն ենք, իսկ ադրբեջանցիք ոչխար են։
Մենք Արցախին դավաճանել ենք, երբ ազգովի երկրորդ պլան ենք մղել կրթությունը, ու անգրագիտությունը սկսել է վխտել բոլոր ոլորտներում՝ հերթով թուլացնելով պետությունը։
Մենք Արցախին դավաճանել ենք, երբ ազգովի մտածել ենք, որ կարանք դրա հարակից 7 շրջանները չտանք, ոչ մի զիջման չգնանք ու դա հավերժ պահենք։
Մենք միայն Արցախին չէ, մենք այս քայլերով ինքներս մեզ ենք դավաճանել, և, որոշ չափով, երբեմն, շարունակում ենք դա անել»