Համահայկական Ազգային Պետականություն կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.
«Եթե մենք այսպես շարունակենք, մի օր էլ Երեւանի մատույցներում են հայտնվելու միջազգային ահաբեկիչները: Սիրիան մեր համար բարեկամ պետություն էր, որը շատ, թե քիչ դիմադրություն էր ցույց տալիս Թուրքիայի եւ Արևմուտքի կողմից աճեցված ահաբեկիչներին: Ինչ-որ մի տեղ կարելի է ասել, որ Սիրիայում նրանք ոչնչացվում էին եւ դրանով էր պայմանավորված, որ նրանք այս կողմ չէին գալիս: Հիմա, երբ Սիրիան փաստացի այլեւս չկա եւ բռնազավթված է, հաջորդ թիրախը տարածաշրջանում լինելու են Հայաստանը, Իրանը, Վրաստանը եւ Վլադիկովկասը:
Հարյուր հազարավոր վարձու իսլամիստ ահաբեկիչներ, ովքեր բացի սպանելուց եւ թալանելուց ուրիշ ոչինչ չգիտեն անել, այսօր մնացել են անգործ եւ վստահ եմ, որ Թուրքիան եւ արեւմտյան որոշ երկրներ անպայման կփորձեն նրանց օգտագործել իրենց նպատակների համար բոլոր այն թեժ կետերում, որոնք այսօր կան:
Ահաբեկիչների կողմից արդեն հայտարարություններ են եղել, որոնցում ասվում է, որ «Սիրիայից հետո գնալու ենք մաքրենք Կովկասը»: Այս իրավիճակը շատ լուրջ սպառնալիք է մեր պետության անվտանգության համար եւ օր առաջ մենք պետք է հետեւություններ անենք ու ակտիվ քայլեր ձեռնարկենք, որպեսզի հնարավորինս պատրաստ լինենք դիմակայելու առաջիկա սպառնալիքներին եւ դրանցից բխող իրադարձություններին՝ նաեւ հաշվի առնելով, Բաքվում Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայի կողմից արված հայտարարությունը, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարեւոր պայման է խաղաղության հաստատման համար, եւ որ Անկարան «աջակցում եւ միանում է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջին»։
Նոր մարտահրավերները նոր մարտավարությունների պահանջ է ստեղծել, որոնք անտեսելը կնշանակի հայտնվել Արցախի կարգավիճակում: Պետք է շտապ քայլեր իրականացնել, որպեսզի օր առաջ ապահովենք Սիրիայում բնակվող մեր հայրենակիցների անվտանգությունը եւ անհրաժեշտության դեպքում հնարավոր դարձնել նրանց վերադարձը Հայրենիք: Մենք ուղղակի ժամանակ չունենք եւ յուրաքանչյուր րոպեն թանկ է մեր պետության եւ ժողովրդի համար: Ամեն րոպեն թանկ է եւ եթե կա մեկը, որ դեռ մտածում է, թե բա՝ «ոչինչ էլ չի լինի», ապա նրանք կտրված են մեր այսօրվա իրականությունից…»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/95f7a80ddf24be54d63c23f38f7dbb21?fbclid=IwY2xjawHDR6NleHRuA2FlbQIxMQABHcTp4qQfwDOb5hrntz88z5kGutkPizLvKEQfe6jAWCA3fZgcqQTgJzGxwg_aem_M1yHhD2G1VVy4SkhyuCHUw
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»