Գնահատման եւ թեստավորման կենտրոնը դեկտեմբերի 15-ից սկսում է 2024-2025 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական եւ 2025 թվականի բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների (1-ին փուլ՝ հունվար, փետրվար) հայտագրման գործընթացը:
Պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչեւ դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին։ Ուսումնական հաստատության տնօրենը պետական ավարտական քննություններ հանձնողների ցուցակում հայտերը մուտքագրում է Գնահատման եւ թեստավորման կենտրոնի app.dimord.am էլեկտրոնային կայքում՝ դեկտեմբերի 15-30-ը։
Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման եւ թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ:
Շրջանավարտը (դիմորդը) առարկայական դիմում-հայտում լրացնում է առավելագույնը երկու միասնական քննություն։ Դիմում-հայտը լրացնելու համար շրջանավարտը դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների եւ 2024-2025 ուստարվա նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին:
Անձնական փաստաթղթերից բացի, դիմորդը պետք է ներկայացնի նաեւ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 4 հազար 500 դրամ վճարի անդորրագիրը։ Բուհերի ընդունելության առաջին փուլի քննությունների դիմում-հայտերն ընդունվում են դեկտեմբերի 15-25-ը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/e58036561d33e366979c7ce4fcf8943c?fbclid=IwY2xjawHBBE9leHRuA2FlbQIxMQABHVMIPZyVBJOzk7abb7g2XtgM2z4MFGN6vQJ_DxXXlLDkVYEVYq7rn_mF7Q_aem_xqKxEcixNI1pW6zbLj5FrA
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»