Ադրբեջանի իշխանությունների անմիջական հովանավորությամբ գործող «Արեւմտյան Ադրբեջան» համայնքը երեկ Բաքվում կազմակերպել է հակահայկական հերթական համաժողով, որին մասնակցում են Ադրբեջանում հավատարմագրված ավելի քան 25 դիվանագիտական ներկայացուցչություններ, 100-ից ավելի ներկայացուցիչներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Բելգիայից, Ֆրանսիայից։ Հյուրերի թվում է Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Մեւլյութ Չավուշօղլուն։
Ինչպես փոխանցում է «Գեղարդ» հիմնադրամը, համաժողովի ընթացքում ընթերցել են նախագահ Իլհամ Ալիեւի ռազմատենչ եւ տարածքային պահանջներ ներկայացնող ուղերձը, որում Ալիեւը Հայաստանի Հանապետության ինքնիշխան տարածքը կրկին անվանել է «Արեւմտյան Ադրբեջան»։ Ուղերձում Ադրբեջանի ղեկավարը նշել է, թե «Հայաստանում ապրող ադրբեջանցիները ենթարկվել են էթնիկ զտումների եւ աստիճանաբար բռնի կերպով վտարվել են իրենց պատմական հայրենիքից», եւ որ «Արեւմտյան Ադրբեջան» համայնքի գործունեությունը միայն ենթադրում է «ապահովել տեղահանված ադրբեջանցիների վերադարձն իրենց պապենական հողերը՝ խաղաղ եւ ապահով պայմաններում»։
Ըստ Ալիեւի՝ Հայաստանի տարածքում ադրբեջանական պատմամշակութային հուշարձաններից պահպանվել է միայն Կապույտ մզկիթը, որի նախնական պատմաճարտարապետական ոճը, իբրեւ թե, Հայաստանը միտումնավոր փոխել է։ Ադրբեջանի նախագահը, հավանաբար, նկատի ունի հայկական կողմի փաստարկված հոդվածները, որոնք ապացուցում են մզկիթի իրանական լինելը։
«Գեղարդ» հիմնադրամն օրերս անդրադարձել էր նաեւ «Արեւմտյան Ադրբեջան» մտացածին նարատիվին՝ ներկայացնելով, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն Ադրբեջանի կողմից «պատմական հայրենիք» անվանելը, իսկ երկրի վարչատարածքային միավորներին կեղծ անվանումներ տալը, ակնհայտորեն, որեւէ աղերս չունեն պատմական իրականության հետ եւ ոչ այլ ինչ են, քան տարածքային ամբողջականության սպառնալիք։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/5ca6d304d8045780ae6ded28dc90649f?fbclid=IwY2xjawHAqaRleHRuA2FlbQIxMQABHQzAv7T-JHCatpZ1cabzmaiH4N9ytU4ti3jvdZ4DIRHdGDkUwyQFIVRcSA_aem_gFbPaf7-IklKVq_hXYCgEg
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»