Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, Բաքվում կալանավորված Ռուբեն Վարդանյանին «հնարավորություն է տրվել» հրապարակային հայտարարություն անելու:
Վարդանյանը, շուրջ մեկ տարի Բաքվում կալանավորված լինելով, արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջին ասուլիսի ժամանակ արած հայտարարություններին, որոնք կապված են եղել իր հետ:
Հայտարարության մեջ ասվում է, որ Բաքվում Վարդանյանին հարցեր են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ կապված: Վերջինս, Ադրբեջանի բանտային խիստ ռեժիմում գտնվելով, կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ, ստացել հաստատում, որ նման հայտարարություններ իսկապես հնչել են, և որոշել է հրապարակային արձագանքել դրանց:
«Առաջին հերթին՝ յուրաքանչյուր մարդ ուրիշի գործողությունների մասին դատում է՝ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից:
Երկրորդը՝ եթե վարչապետն ինձ ինչ-ինչ հարցեր ուներ, նա հնարավորություն ուներ դրանք ինձ ուղղելու 2022 թվականի նոյեմբերին մեր վերջին հանդիպման ժամանակ, երբ ես նաև պետնախարարի պաշտոնն էի զբաղեցնում:
Ամեն դեպքում, ես անգամ հիմա եմ պատրաստ, իմ ներկայիս հնարավորությունների իրավիճակում, պատասխանել նրա ցանկացած հարցի:
Երրորդը՝ ցանկանում եմ վարչապետին հիշեցնել, որ 2018թ. գարնանը, երբ մենք առաջին անգամ գործընկերներով, չորս հոգով հանդիպեցինք նրա հետ, ես անկեղծորեն նրան երեք կետ ներկայացրեցի, որոնք պահպանել եմ ու շարունակելու եմ պահպանել.
- Մենք գործընկերներով չենք ցանկանում և չենք միջամտի Հայաստանի քաղաքականությանը:
- Մենք զբաղվում ենք բարեգործությամբ՝ անկախ Հայաստանի իշխանությունների նկատմամբ վերաբերմունքից, քանի որ մենք դա անում ենք ժողովրդի համար: Ինձ համար մարդկանց օգնելը մնում է կարևոր հարց և կարևոր մարդասիրական առաքելություն:
- Միակ բանը, որ կարող է փոխել իմ այդ մոտեցումը, Արցախի ճակատագիրն է: 2020 թվականի պատերազմն ու Արցախի նկատմամբ շարունակվող սպառնալիքը ինձ համար շրջադարձային եղան, ինչի մասին ես բազմիցս բաց ու հետևողականորեն հայտարարել եմ:
Այդ ժամանակից ի վեր իմ բոլոր գործողությունները թելադրված էին Արցախի և նրա ժողովրդի ճակատագրի նկատմամբ մտահոգությամբ: Հիմա մեր ժողովուրդն ապրում է իր պատմության ամենաբարդ ու ծանր շրջափուլերից մեկը, բայց ես շարունակում եմ հավատալ, որ չնայած դժվարություններին ու տարաձայնություններին, մենք կկարողանանք հաղթահարել այս փուլը ևս ու կառուցել խաղաղ ու լուսավոր ապագա»,- ասվում է հայտարարության մեջ:
Վարդանյանի հայտարարությունը հրապարակվել է երկլեզու՝ հայերեն և ռուսերեն: