Բագրատ Գալստանյանի ԱԺ գնալը շոու էր՝ ցույց տալու, որ քաղաքական գործընթացներ են տեղի ունենում. Էդգար Առաքելյան

Բագրատ Գալստանյանն ԱԺ գնալու պատճառ չուներ, դա պարզապես շոու էր՝ ցույց տալու, որ քաղաքական գործընթացներ են տեղի ունենում»,-Zarkerak.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Բագրատ Գալստանյանի ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունների հետ կայացած հանդիպմանը, ասաց քաղաքագետ Էդգար Առաքելյանը:

Առաքելյանի խոսքով՝ Գալստանյանն ու այն մարդիկ, ում հետ հանդիպել է՝ նույն թիմից են. «Համոզված եմ, որ ամենօրյա ռեժիմով իրենք հանդիպում են, հետևաբար այնտեղ գնալն ու ինչ-որ շոուներ կազմակերպելը կարծում եմ տեղին չէր: Նախ և առաջ Գալստանյանը՝ որպես քաղաքական գործիչ, իրենից ոչինչ չի ներկայացնում, վերջին ամիսների զարգացումները դա ցույց տվեցին: Սրանից ելնելով, բնականաբար, ՔՊ-ն էլ չի գնա, նստի ու քննարկի Բագրատ Գալստանյանի այն պահանջը, թե ինչպես պետք է ՔՊ-ն հեռանա»:

Անդրադառնալով նաև օրեր առաջ Գալստանյանի՝ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը՝ Առաքելյանը նշեց. «Բագրատ Գալստանյանի գործողությունների հետևում կանգնած են նախկին երկու նախագահները: Նախկինում ևս այցեր ու հանդիպումներ են տեղի ունեցել, այդ այցերը հերթական անգամ ցույց են տալիս, որ ինքը մարիոնետային դեմք է այդ երկու անձանց ձեռքում, ովքեր ուղղորդում են իրեն, թե ինչ անի: Այստեղ կա որոշակի բարոյական մաս. հանրությունը մերժել է այդ երկու անձանց և այսօր Բագրատ Գալստանյանը, ով խոսում է հանրության անունից, գնում ու հանդիպում է մարդկանց հետ, որոնց նույն այդ հանրությունը մերժել է ու մերժել է շատ հիմնավոր պատճառներով: Այսօր փաստացի Բագրատ Գալստանյանը դեմ է դուրս գալիս նաև հանրության պահանջին: Ի՞նչ խորհուրդ պետք է ստանա Գալստանյանը Ռոբերտ Քոչարյանից և Սերժ Սարգսյանից, խորհուրդը, որ կարող են տալ, այն է, թե ինչպես քանդել երկիրը, ինչպես երկիրը թաղել կոռուպցիայի մեջ, ինչպես մսխել երկրի հնարավորությունները, ինչպես մսխել բանակի հնարավորություններն ու այսպես շարունակ:

Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Բագրատ Գալստանյանը Հայաստանի նախկին քաղաքական էլիտայի հոգևոր շարունակությունն է, այս քայլով Գալստանյանը հերթական անգամ ապացուցում է, որ իր շարժման հետևում կանգնած են այդ մարդիկ: Հասկանալի կլիներ, եթե ինքը հանդիպեր շատ լուրջ մտավորականների հետ, մարդկանց հետ, ովքեր շատ լուրջ հեղինակություն ունեն մեր հասարակության մեջ և բնավ պարտադիր չէ, որ լինեին քաղաքական գործիչներ: Բայց մարդը գնում ու հանդիպում է այնպիսի անձանց հետ, որոնց հեղինակությունը գրեթե զրոյական է: Եթե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը Բագրատ Գալստանյանի համար հեղինակություն են, դա չի նշանակում, որ իրենք հեղինակություն են նաև հանրության համար»:

Մեր այն հարցին, թե արդյոք առաջիկա օրերին սպասելի է, որ Գալստանյանի առաջնորդած շարժումը կարող է նորից ակտիվանալ և փողոց դուրս գալ՝ քաղաքագետն ասաց. «Եթե իրենք հույս ունենային, որ փողոցում պայքարը կբերեր հաջողությունների, օրինակ՝ սեպտեմբերի 22-ին սպասվող այդ հավաքը կանեին ոչ թե փակ դահլիճում, այլ հենց հրապարակում: Իրենց գործողությունները միքայլանի են, եկան, հավաքվեցին, հայհոյեցին, ատելության խոսք տարածեցին ու գնացին տուն: Այն սակավաթիվ մարդիկ, ովքեր որոշակի աջակցություն էին ցույց տալիս, նույնիսկ այդ մարդկանց մոտ հիասթափություն է առաջացել: Եթե իրենք զգային, որ փողոցային պայքարի պոտենցիալ ունեն՝ կանեին, բայց քանի որ համոզված են, որ եթե դուրս եկան փողոց, հերթական անգամ խայտառակվելու են, դրա համար դուրս չեն գալիս և գնում են դահլիճ»:

Իսկ, թե արդյոք սեպտեմբերի 22-ին Գալստանյանը որևէ ծրագիր կներկայացնի՝ Էդգար Առաքելյանն ասաց. «Այս շարժման ամբողջ խնդիրը նրանում է, որ դա երևի ամենաապաքաղաքական շարժումն է, նրանք չունեն պլան: Իրենց հիմնական նպատակը վարչապետի հեռացումն է, բայց իրենք չեն ասում հետո ով է գալու, ինչ է անելու, ովքեր են լինելու այդ կառավարության կազմում, Հայաստանն ինչ ուղեծրի մեջ է հայտնվելու, այսինքն՝ բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանն իրենք չեն տալիս կամ գիտեն, որ այդ պատասխանը հանրության մոտ չի ընկալվի, նրանք փորձում են քողարկված գործել, իրենք նույնիսկ անուններ չեն տալիս: Հետևաբար ծրագրի բացակայությունը բերում է հիասթափությունների, բերում է շարժման անլրջության և բերեց շարժման մարելուն: Իրենց միակ նպատակն իշխանազավթումն է, դա անելուց հետո անցկացնել իրենց չափանիշներով ընտրություն և իրականացնել հերթական հեղաշրջումն իր ամբողջ հետևանքներով, իսկ հետևանքը լինելու է Հայաստանի պետականության կորուստը»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *