Միջանցքի հետ կապված Ռուսաստանը փորձում է «փափուկ» բարձ դնել Իրանի գլխի տակ, որը ԻԻՀ-ում հասկացել են. իրանագետ

«Ռուսաստանի նպատակները «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված չեն փոխվել, պարզապես ՌԴ-ն փորձում է «փափուկ» բարձ դնել Իրանի գլխի տակ և թուլացնել վերջինիս զգոնությունը»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է իրանագետ Արմեն Վարդանյանը:

«Նույն կերպ ՌԴ-ն վարվում էր Հայաստանի հետ, երբ ասում էր, որ այդ միջանցքը տրամադրելով՝ ՌԴ-ն ՀՀ ինքնիշխանությունը որևէ կերպ չի սահմանափակի, որ դա ընդամենը ճանապարհ է, որտեղ ռուս սահմանապահներն են կանգնելու՝ այդ կերպ «փափուկ բարձ» դնելով նաև Հայաստանի գլխի տակ: Կարդալով Շոյգուի վերջին հայտարարության տողատակերը՝ գալիս ենք այն եզրակացության, որ նույն ձև Իրանին են փորձել համոզել, որ որևէ խնդիր չկա, դա չի սպառնում Իրանի անվտանգությանը, տարածաշրջանի երկրների ֆիզիկական սահմանները չի փոխում և այլն: Իրականում ակնհայտ է, որ ՌԴ-ն և Ադրբեջանը նենգ մտադրություններ ունեն»,- ասում է Վարդանյանը:

Իրանագետը նկատում է, որ վերջին 1-2 օրերի ընթացքում անգամ միջազգային մամուլն է լուրջ հոդվածաշարեր տպագրել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ. «Գերմանական «Դոլչե Վելե» պարբերականը և Ամերիկայում Ջեյմս Թաունի ինստիտուտն անդրադարձել են այս հարցին, որ ՌԴ-ն Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով ճնշում է գործադրում Հայաստանի վրա, որ վերջինս միջանցք տրամադրի, որը պետք է լինի ռուսական վերահսկողության ներքո»:

Վարդանյանի համոզմամբ՝ ըստ երևույթին՝ իրանական կողմն էլ է հասկացել Ռուսաստանի այդ պահվածքը, և դրանով է նաև պայմանավորված, որ վերջին մի քանի օրերին մեկ տասնյակից ավել իրանցի պաշտոնյաններ շատ կոշտ հայտարարություններով հանդես եկան ՌԴ-ի դեմ «Զանգեզուրի միջանցքի» հարցով:

«Ամենայն հավանականությամբ ռուսական հավաստիացումները այդքան էլ չեն համոզել իրանական կողմին, որովհետև նախկինում գոնե չեմ հիշում այսքան շատ և կոշտ հայտարարություններ միաժամանակ իրանցի մի շարք պաշտոնյաներից: Իրանը չի կորցնում իր զգոնությունը, իրենք հասկանում են, որ ՌԴ-ն գեղեցիկ փաթեթավորում է իր նպատակը, բայց գործնականում իրենց նպատակը ՀՀ տարածքը 2 մասի բաժանելն է, որը նաև Իրանին կզրկի հյուսիսային սահմաններով ազատ ելումուտից՝ ՀՀ տարածքով դեպի այլ երկրներ գնալու հնարավորությունից, և, փաստացի, իրանական կողմը, ինչպես նաև հայկականը հասկանում են, որ ռուսական կողմի հավաստիացումները այդքան էլ հուսալի չեն»,- ասում է Վարդանյանը:

Հարցին, թե այս պահին Ադրբեջանին և Ռուսաստանին հակակշռող երկիրը և ուժը «Զանգեզուրի միջանցք»-ի առումով միայն Իրա՞նն է, իրանագետն ասում է՝ ոչ:

«Իրանից ոչ պակաս այս հարցում Ադրբեջանին հակազդում է նաև Արևմուտքը և հատկապես ԱՄՆ-ն: Միացյալ Նահանգների կողմից բազմիցս են եղել հստակ ուղերձներ, որ այդ միջանցքի ուժով բացումը կարմիր գիծ է իրենց համար, և դրա համար Ալիևը ծանր գին է վճարելու: Այսօր հենց այն օրն է, որ երկու տարի առաջ Ադրբեջանը ագրեսիա սկսեց ՀՀ ամբողջ տարածքով մեկ, և հիմնական ուղղությունը հենց Ջերմուկի, Կապանի ուղղությունն էր: Իմ խորին համոզմամբ՝ այդ ժամանակ նրանք փորձում էին նաև աշխարհի ռեակցիան ստուգել և ինչ-որ պահի, եթե հնարավորություն լինի, ավելի առաջ գալ, և Բլինքենի զանգը Բաքու, կոշտ խոսակցությունը այս հարցում ևս վճռորոշ ազդեցություն է ունեցել, և իրենք կանգնեցին հայկական բնակավայրերի վերևում, բայց որևէ բնակավայր չմտան»,- կարծում է զրուցակիցը:

Վարդանյանի խոսքով՝ սա այն քիչ հարցերից մեկն է, որտեղ Նահանգները և Իրանը ընդհանուր շահեր ունեն և Ադրբեջան-Թուրքիա-ՌԴ տրիոյին միասին են հակազդում:

«ՀՀ վրա հարձակվելը տվյալ դեպքում Ադրբեջանի համար է ծանր լինելու, բայց, իմ կարծիքով, Ալիևը չի գնա այդ քայլին՝ հասկանալով դրա ծանր հետևանքները: 2021-22 թվականներին Ալիևին ինչ էր ասում, որ «այսպես թե այնպես մենք ստանալու ենք այդ միջանցքը՝ լինի ուժով, կամ առանց ուժի», որտեղ ակնհայտ ուժի գործադրման սպառնալիք կար: Հիմա այդպիսի հայտարարություններ չեն հնչում, միայն ասում են՝ եթե ՀՀ-ն չտա ճանապարհ, ապա Իրանով կկառուցեն այդ՝ Ադրբեջանը-Նախիջևանին կապող ճանապարհը: Ակնհայտորեն փոխվել է Ալիևի հռետորաբանությունը, և ես կարծում եմ՝ այստեղ մեծ դեր ունի միջազգային հանրության և որոշ երկրների կոշտ արձագանքը»,- եզրափակում է Արմեն Վարդանյանը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *