«Փաստաթուղթ է պետք, հայերն այն մարդիկ չեն, որոնց կարող ենք վստահել». Իլհամ Ալիև

«Փաստաթուղթ է պետք, հայերն այն մարդիկ չեն, որոնց կարող ենք վստահել». Իլհամ Ալիև
Ադրբեջանը «լավ հիշում է, թե ինչպես էր Հայաստանն իրեն պահում Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից առաջ»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նիզամի Գյանջավիի միջազգային կենտրոնի կողմից կազմակերպված «Համաշխարհային կարգի վերաիմաստավորում. մարտահրավերները հնարավորությունների վերածում» թեմայով Բաքվի 12-րդ գլոբալ ֆորումի բացման արարողությանը։
«Մենք լավ հիշողություն ունենք։ Բոլորս հիշում ենք, թե ինչպես էր իրեն պահում Հայաստանի ներկայիս իշխանությունը Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից առաջ։ Մենք բոլորս հիշում ենք Հայաստանի ղեկավարի հայտարարությունները, ով ասում էր, որ «Ղարաբաղը Հայաստան է», և դա ասվել է Խանքենդիում (թշնամական երկրի ղեկաարը նկատի ունի բռնազավթված Ստեփանակերտը)։ Բոլորս հիշում ենք, թե ինչպես էր նա իրեն պահում օկուպացված Շուշա (նկատի ունի Արցախի Հանրապետության բռնազավթված Շուշի քաղաքը-խմբ.) քաղաքում։ Դուք կարող եք գտնել այն ինտերնետում: Շատ հետաքրքիր տեսանյութ է:

Այսօր որոշ եվրոպացի չինովնիկները փորձում են Հայաստանը ներկայացնել` որպես «խաղաղության աղավնի»։ Բայց նրանք մոռանում են ներկայիս իշխանության նախկին արարքների մասին։ Մոռացել են, որ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մեր քաղաքներն ու գյուղերը գնդակոծվել են։ Հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 100 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ «Իսկանդեր-Մ» հրթիռի օգտագործմամբ, որի արտահանումը փաստացի արգելված է: Իսկ այն հարցին, թե ինչպես է հայկական բանակին հաջողվել ձեռք բերել «Իսկանդեր-Մ»-ը, դեռ պատասխան չենք ստացել։ Այս հրթիռի արտահանումն արգելված է Ռուսաստանում։ Իսկ նրանք, ովքեր չեն հավատում իմ խոսքերին, կարող են սեփական աչքերով տեսնել «Իսկանդեր-Մ»-ը մեր Ռազմական ավարների այգու տարածքում, որն այստեղից 5-10 րոպե հեռավորության վրա է:

Հրթիռը հայտնաբերել ենք Շուշայում. մենք այն գտանք միայն 2021 թվականի գարնանը, քանի որ այն ծածկված էր ձյունով։ Բայց հրթիռը արձակվեց Շուշա, երբ մենք ազատագրում էինք քաղաքը։ Այսպիսով, այս հարձակումն իրականացվել է անձամբ Հայաստանի վարչապետի հրահանգով։ Մեր քաղաքները՝ Գյանջա, Տերտեր, Բարդա, Մինգեչևիր, Աղջաբեդին և շատ այլ քաղաքներ պարբերաբար ենթարկվել են Հայաստանի կողմից հրետակոծությունների։

Մենք դա չարեցինք։ Մենք կռվել ենք հայկական բանակի, հայոց օկուպացիոն բանակի դեմ։ Նրանք կռվել են խաղաղ բնակչության դեմ։ Սա է տարբերությունը: Նույնը տեղի ունեցավ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, երբ ստեղծեցին այսպես կոչված «բուֆերային գոտի»։ Այդպես էին այն անվանում: Բայց իրականում դրանք օկուպացված տարածքներ էին։ Նրանք վտարեցին հարյուր հազարավոր ադրբեջանցիների, իրականացրեցին էթնիկ զտումներ։ Մենք երբեք չենք մոռանա սա։

Եվ մի բան էլ կարող եմ ասել՝ վստահության մակարդակը Հայաստանում մոտ է զրոյի։ Դրա համար էլ նրանց ասածներին չենք վստահում։ Որովհետև սրանք այն մարդիկ չեն, որոնց կարող ենք վստահել, այդ թվում՝ այսօրվա կառավարությանը: Կրկին, նրանց ասածներից ոչ մեկը մեզ համար ոչինչ չի նշանակում: Փաստաթղթեր են պետք, թղթեր են պետք։ Մենք պետք է երաշխավորենք, որ նրանց սահմանադրությունը տարածքային պահանջներ չպարունակի Ադրբեջանի նկատմամբ։ Նրանք դեռ այնտեղ են։ Մեզ պետք է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի. սա մեր ուղերձն է Հայաստանին, և մենք հայտարարում ենք, որ Մինսկի խումբը պահպանելու տրամաբանություն չկա։ Այն ստեղծվել է Ղարաբաղի հարցը լուծելու համար։ Այսօր այս հարցը լուծված է։ Հայաստանը ճանաչում է Ղարաբաղը` որպես Ադրբեջանի մաս. ինչո՞ւ չեք միանում մեզ և ԵԱՀԿ-ին համատեղ հայտարարություն չեք ներկայացնում՝ կազմակերպությունը լուծարելու համար։ Չեն ուզում։

Այսպիսով, նրանք ցանկանում են պահպանել «իրենց դիրքերի մի մասը» տեղում, մեր տարածքում, այժմ, իհարկե, վիրտուալ։ Իսկ ինչի՞ մասին է խոսում այն ​​փաստը, որ նրանք մեծացնում են իրենց ռազմական ներուժը։ Սա ցույց է տալիս, որ նրանք պատրաստվում են նոր պատերազմի»,- ասել է Ալիևը։

Պետության ղեկավարը նաև հայտարարել է, որ Ադրբեջանը «լի է ոգևորությամբ» ԱՄՆ նոր վարչակազմի հետ աշխատելու հարցում. «Առաջին հերթին, որովհետև մենք Ադրբեջանում կարողացանք փրկել ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները լիակատար փլուզումից՝ չնայած ԱՄՆ Պետդեպարտամենտի բոլոր ջանքերին։ Երկրորդ՝ մենք հույս ունենք, որ նոր վարչակազմով կվերականգնենք մեր ամուր գործընկերությունը, որը միշտ կարևոր է եղել Հարավային Կովկասի, խաղաղության, անվտանգության, հակաահաբեկչական գործողությունների, մեր տարածաշրջանի ժամանակակից զարգացման համար»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *