«Հարգելի՛ ընդդիմություն, խոսույթը, որ բերել եք ԱԺ-ի օրակարգ, արդյո՞ք ձևավորվել է 22 թվականի ապրիլի 7-ի շրջաբերական 004-ո՞վ, թե՞ նոր շրջաբերական եք շրջանառել ու դրա միջոցով եք հիմա խոսույթ ձևավորում»:
Դիմելով ընդդիմությանը՝ այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ հարց ուղղեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Այն ամենը, ինչ հիմա դուք խոսում եք, պարոնայք ընդդիմադիրներ, տեղավորվում է հետևյալ տրամաբանության մեջ. ամեն անգամ ինչքան խոսում եք Լեռնային Ղարաբաղից, ինչքան խոսում եք Արցախից, ձեր շրջաբերականի՝ չեմ հիշում՝ որ ենթակետի 15-րդ ու 16-րդ կետերն են՝ Ռուսաստանը կարող է Արցախը ենթարկեցնել իրեն և հնարավոր միության դեպքում Արցախի և Հայաստանի Հանրապետության ճակատագրերը պետք է լուծվեն որպես մեկ ամբողջություն»:
Ալեքսանյանի խոսքով՝ այնտեղ մի դրույթ էլ կա՝ ինքնիշխանության հնարավոր զիջման մասին:
«Պարո՛ն Մինասյան, էն, ինչը դուք եք առաջարկել, առաջարկում ու հիմա էլ բերում դաշտ, միտված է այդ միակ նպատակին, որ Հայաստանը կորցնի իր ինքնիշխանությունը, ՀՀ-ն մտնի Ռուսաստանի կամ միութենական կազմի մեջ, ու այնտեղ հնարավոր է, մեկ էլ տեսար՝ կպավ, որ Արցախն էլ ստացվի, կամ չստացվի: Ձեր բոլոր գործողությունները, ձեր թիմակիցների գործողությունները, ԼՂ-ում ձեր ստորագրած ամեն մի փաստաթուղթը, ձեր նշանակած նախագահի ստորագրած ամեն մի փաստաթուղթն ուղղված է եղել մեկ նպատակի՝ Հայաստանը մտցնել ինչ-որ մի բանի կազմի մեջ»,- ասաց նա, ապա՝ արձագանքեց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանին: Նա հորդորեց Խաչատրյանին դադարեցնել ՀՀ-ի դեմ վկայություններ տալը:
«Մի հոգի արդեն նմանատիպ վկայություն տվել է՝ Շահրամանյան ազգանունով, դեռ Լեռնային Ղարաբաղում ստորագրելով մի փաստաթուղթ, որում ասվում է, թե իբր ՀՀ զորքերը պետք է դուրս գան ԼՂ-ից: Ձեր այդ թիմակցից հարցրեք՝ բա եթե ձեր ասածի պես է, էդ ինչերի՞ տակ է ստորագրել: Նորից եմ ասում՝ դադարե՛ք ՀՀ-ի դեմ սուտ վկայություններ տալ»,- եզրափակեց Ալեքսանյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում