Կառավարությունը հավանություն տվեց սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգին։
Ըստ այդ փաստաթղթի՝ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քարտեզագետ Ռուբեն Գալիչյանի հետ:
Նա նշեց, որ եթե մեր ԱԺ-ն վավերացնի, ապա մեր տեսակետից՝ դա արդեն վերջնական կլինի, բայց այլ հարց է՝ արդյոք Ադրբեջանը կվավերացնի՞, թե՞ ոչ. ոչ ոք չի խոսում դրա մասին։
«Այսօր դե Ադրբեջանը խորհրդարան չունի, խորհրդարանը որ ընտրվեց, երևի սեպտեմբերի վերջերին կլինի, հոկտեմբերին նոր այս նյութը կարծարծվի, և ես անհավանական չեմ համարում, որ Ադրբեջանի խորհրդարանը մերժի»,- ասաց քարտեզագետը։
Վերջինս նշեց, որ կանոնակարգի 1-ին կետում ասվում է, որ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի մեջ նշված այդ սահմանները սովետական սահմաններն են, որտեղ նշվում են խորհրդային վերջին սահմանները, և դա նշանակում է, որ Ալիևը պետք է դուրս գար գրաված բոլոր՝ շուրջ 240-250 քմ բարձունքներից, որը ներառում է Սև լճի շրջանը, Ջերմուկի շրջակայքը և այլն։
«Ես հույս ունեմ, որ այս անգամ Ալիևը կանի, որովհետև միջազգային հարթակներում է այդ հայտարարությունն արել, որ ընդունում է Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագիրը։ Այս անգամ գոնե անի այն, ինչ ինքը խոստացել է։ Բայց չի էլ բացառվում, որ չանի։ Միջազգային դատարանը Ալիևին պարտադրեց, որ պետք է Լաչինի ճանապարհը բացի և վերացնի Արցախի ժողովրդի շրջափակումը։ Ոչինչ չարեց, նույնիսկ պատասխան չտվեց։ Ի՞նչ ենք սպասում, հույս ունենանք, որ Ալիևը մի քիչ խելքի է եկել Արևմուտքի ճնշումների ներքո։ Ես հույս ունեմ։ Բայց դեռ Տավուշի սահմանազատումը չի ավարտվել։ Ոսկեպարի շրջանում մեր մայրուղին 4 անգամ անցնում է Ադրբեջանի տարածքով։ Այժմ այդ տարածքը մեր հսկողության տակ է»,- ասաց քարտեզագետը։
Կանոնակարգի 4-րդ հոդվածում նշված է, որ սահմանազատման աշխատանքներն իրականացնելիս հանձնաժողովները կարող են դիտարկել սահմանագծի անցման օպտիմալացման հնարավորություններ։ Այս մասով քարտեզագետն ասաց, որ չորրորդ հոդվածը վերցված է ԵԱՀԿ-ի սահմանագծման և սահմանազատման ուղեցույց գրքից, որը վերջին անգամ հրատարակվել է 2017 թվականին, դրա մեջ մանրակրկիտ խոսվում է այն մասին, թե ինչպես պիտի գծվի սահմանը, ինչպես պիտի սահմանազատումն արվի։
Մանրամասն՝ տեսանյութում.