Լեռնայի Ղարաբաղի և ԼՂ հայության վերադարձի հիմնախնդիրները դեռևս շարունակում են մահակ լինել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը:
Վերջինս կարծում է, որ, այո, պետք է խոսել ԼՂ բնակչության միջազգային երաշխիքների ներքո վերադարձի մասին. «Որովհետև եթե դու չես խոսում դրա մասին, խոսում են մարդիկ, որոնք դա օգտագործում են իշխանության դեմ: Դրա համար այդ հարցը պետք է նախկին իշխանությունների ձեռքից վերցնել: ԼՂ բնակչության մոտ էլ բացասական վերաբերմունք կա նախկինների հանդեպ, բայց նրանք չեն տեսնում այլընտրանք, թե որ ուժը կարող է զբաղվել իրենց խնդիրներով: Ընդհանրապես լռության մատնելով այդ հարցը՝ մենք թողնում ենք, որ այն շահարկեն մեր դեմ»:
Ըստ նրա՝ պատահական չէ, որ այդ հարցը պարբերաբար բարձրաձայնում է թե՛ Մոսկվան, թե՛ Հայաստանի ընդդիմադիր ուժերը, որոնք շահարկում են այն:
«Ես դեռ հուլիսին եմ ասել, որ Գալստայանի գլխավորած շարժումը սեպտեմբերին թափ է հավաքելու, առաջնորդը փոխվելու է, կրկին խաղարկվելու է ԼՂ հարցը, որի ամենավառ դեմքերից կարող է լինել Ռուբեն Վարդանյանը: Փաստորեն դա իրականություն է դառնում»,- ասում է Դալլաքյանը:
Վերջինիս խոսքով՝ գնդակը իշխանությունների դաշտում է. «Իսկ թե ով են նախկին իշխանությունները, ով է Ռուբեն Վարդանյանը, քաղաքագետ պետք չի լինել հասկանալու համար: Բայց ինչո՞ւ են իրենք շարունակում գործել, եթե իշխանությունը նրանց մեղադրում Է գործակալ լինելու համար: Իշխանությունը նրա համար չէ, որ հարցեր ուղղի հասարակությանը, իշխանությունը նրա համար է, որ այդ հարցերին պատասխանի, որովհետև մենք, այո, չգիտենք, թե ինչո՞ւ էր Ռուբեն Վարդանյանը գործուղվել ԼՂ, բայց կա պետական ապարատ, որը զբաղում է ԱԱԾ հարցերով և պետք է պատասխանի այդ հարցերին»:
Դալլաքյանն այն համոզմանն է, որ Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելը, ԼՂ գնալը և գերության մեջ հայտնվելը, ապա ՌԴ անգործությունն այդ հարցով պատահական չէ:
«Իրենք ինչ էին մտածել. Ռուբեն Վարդանյանը կհրաժարվի ՌԴ քաղաքացիությունից, որպեսզի երբ որ գերության մեջ հայտնվի, հարց չուղղեն ՌԴ-ին, ասեն՝ քո երկրի քաղաքացին է, դե ազատիր, ասեն՝ հրաժարվել է, այդ հարցով ՀՀ-ն պիտի զբաղվի: Սա պարզ սցենար է եղել՝ իմ վստահությամբ, և դրա համար էլ հիմա մարիազախարովաները կարողանում են ասել՝ ՀՀ իշխանություններ, ինչո՞ւ չեք զբաղվում գերիների վերադարձի հարցով, ՀՀ իշխանությունների պատասխանն էլ պիտի լինի իրենց սիրելի նոյեմբերի 9-ի պայմանագրի մեջբերումը, որտեղ գերիների հարցով (ընդ որում՝ միայն Ռուբեն Վարդանյանը չէ գերի, մենք այնտեղ բազմաթիվ գերիներ ունենք) պետք է զբաղվի ՌԴ-ն, որը երաշխավոր է, այսինքն՝ պատասխանները պետք է այս կերպ հնչեն: Իսկ այն, որ Ռուբեն Վարդանյանը իզուր չէ ԼՂ-ում հայտնվել և իզուր չէ գերեվարվել և ի զուր չէ, որ Զատուլինն էլ անընդհատ աղոթում է նրա համար և գովազդում: Ինձ թվում է՝ դա սցենարներից մեկն է: Իհարկե, հարյուր տոկոսով ոչինչ չենք կարող ասել, այսօր ՌԴ-ն էլ չգիտի, թե ինչ կանի, որովհետև Ուկրաինայում իրավիճակից է կախված իր գործունեությունը Հարավային Կովկասում»,- ասում է զրուցակիցը:
Քաղաքագետի համոզմամբ՝ Ռուբեն Վարդանյանին որոշել էին նշանակել ՀՀ վարչապետ. «Այն ֆոնին, որ նոր էր գերության մեջ հայտնվել, և իրենք փորձում էին ակցիաներ անել, սակայն տեսան, որ այդ սցենարը չաշխատեց, հայ ժողովուրդը Ռուբեն Վարդանյանի հերոսացումը չընդունեց, հիմա սցենարը նրան իշխանության բերելը չէ: Այո, Ռուբեն Վարդանյանը չի ընկալվում այստեղ ո՛չ որպես Արցախի հերոս, ո՛չ էլ առավել ևս ՀՀ ապագա վարչապետ, նրանք, ընդամենը կփորձեն ԼՂ գործոնը շահարկելով, Ռուբեն Վարդանյանին այստեղ բերել և ներքին ապակայունացում մտցնել. մաքսիմալ խնդիրը իշխանություն վերցնելը չէ Ռուբեն Վարդանյանի տեսքով, խնդիրը Հայաստանում պառակտում առաջացնելն է, որպեսզի իշխանությունները, թողնելով իրենց գործը՝ Խաղաղության պայմանագիրը, երկրի վերականգնումը, անընդհատ զբաղված լինեն այս տուրբուլենտ իրավիճակով: Սա ազգային անվտանգության խնդիր է արդեն, ոչ թե առանձին գործիչների»:
Հարցին՝ իսկ Զատուլինի «աղոթքները» տեղ կհասնե՞ն. Վարդանյանին բաց կթողնի՞ Ադրբեջանը, Դալլաքյանը պատասխանում է. «ՌԴ-ն իրեն համարում է ուղղափառ արժեքներ կրող երկիր, քանի որ իրենք մոտ են Աստծուն, Բագրատ Գալստանյանն էլ նշում է, որ Աստված է իրեն ուղղորդել, ասել՝ ինչ անի, ինձ թվում է՝ հնարավոր է այդ աղոթքները տեղ կհասնեն: Մարդկային առումով մենք էլ ենք ցանկանում, որ նա ողջ-առողջ վերադառնանա և վերջապես պատասխանի այն հարցերին, որ ՀՀ ժողովուրդն ունի իրեն»: