Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանին չի զարմացնում Ադրբեջանից հնչող այն հայտարարությունները, թե Հայաստանի սպառազինության վրա պետք է սահմանափակումներ դնել: Փորձագետը հիշեցնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այդ մասին հայտարարում էր դեռ 2020 թվականին՝ Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ:
«Ադրբեջանը ձգտում է Հայաստանի բանակն ավելի վերահսկելի դարձնել, սակայն քանի որ աշխարհը դա չի ընդունում և ընկալում, այժմ փորձ է կատարում, որ աշխարհը ՀՀ բանակը վերահսկելի դարձնի: Սրա նպատակը Հայաստանի զարգացման դեմն ամեն գնով առնելն է: Եթե Հայաստանի բանակը զարգանա, և ռազմական բալանսը վերականգնվի, «Զանգեզուրյան միջանցք» ստանալու հավանականությունը լրիվ կվերանա»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Հովհաննիսյանը:
Մյուս կողմից, ըստ նրա, շատ կարևոր հանգամանք կա, որի համար Ադրբեջանը անհանգստանում է. «Հարցն այն չէ, թե ՀՀ-ն որքան զենք-զինամթերք է ձեռք բերել, այլ այն, որ աշխարհի որոշ պետություններ, այդ թվում՝ ռազմարդյունաբերություն ունեցող, համաձայնել են ՀՀ-ի հետ համագործակցել և զենք վաճառել: Այստեղ Ռուսաստանը վախենում է, որ ՀՀ-ին ի վերջո որպես շուկա կկորցնի, իսկ Ադրբեջանը վախենում է, որ Հայաստանին աշխարհն ընկալում է որպես խաղաղասեր, ինքնիշխան, միջազգային ստանդարտներին հավատարիմ պետություն: Իսկապես վտանգավոր իրավիճակում են իրենք հայտնվել, և չի բացառվում, որ քիչ-քիչ մեր նկատմամբ լոյալությունը բերի Ադրբեջանի նկատմամբ ոչ լոյալության»:
Զրուցակիցը միաժամանակ նկատում է՝ Ադրբեջանն առավել շատ վախենում է Իրանի գործողություններից: Նրա կարծիքով՝ Իրանից պարբերաբար եկող հայտարարությունները նախազգուշական «կրակոցներ են», որոնց գինը Բաքուն լավ գիտի:
«Այստեղ նաև Իրան-ՌԴ կուլիսային հակամարտությունն է առաջ գալիս, որովհետև այսօր Թեհրանում ՌԴ դեսպանին կանչել են խորհրդատվության և դիվանագիտական լեզվով հասկացրել, որ այն, ինչ նախաձեռնել են Հարավային Կովկասում, չի բխում Իրանի շահերից, ու Իրանում շատ լավ են հասկանում, որ Ադրբեջան-ՌԴ համագործակցությունը կարող է լինել Իրանի շահերի դեմ. Իրանը կանխարգելիչ «կրակոցներ» է անում: Այստեղ ոչ թե Արևմուտքը, այլ Իրանը կարող է խառնվել, իսկ Իրանի խառնվելը շատ ավելի վտանգավոր է Ադրբեջանի համար, որովհետև այն երկրներից մեկն է, որը չի կաշառվում և ոչ մի բանով»,- ասում է նա:
Հովհաննիսյանը վստահ է՝ եթե Ադրբեջանը որոշի ուժի միջոցով վերցնել «Զանգեզուրի միջանցքը», ապա Իրանը արդեն իսկ կձևավորի իր համար լեգիտիմություն՝ Ադրբեջանի վրա հարձակվելու համար. «Տվյալ դեպքում Իսրայելի ուժային ներկայացվածության պատրվակն է լինելու: Վստահորեն կարող եմ ասել՝ այն տարածքները, որոնք օկուպացրել է Ադրբեջանը 2020 թվականին, այսինքն՝ Արցախի տարածքները, դրանց վրա կարող է Իրանից լինել հարձակում, որը ճակատագրական է լինելու Ադրբեջանի համար»:
Միևնույն ժամանակ ռազմական փորձագետը տեսակետ է հայտնում, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոքր դերակատարներ են, այսպես ասած՝ «խաղացողները» գերտերություններն են՝ Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը:
«Խնդիրը գլոբալ է. տարածաշրջանում ավանդաբար եղած երեք կայսրությունները փորձում են իրենց ազդեցության ոլորտները առաջ մղել: Թուրքիային դա որոշակիորեն հաջողվեց 2020 թվականին, և Ադրբեջանի նկատմամբ լիակատար վերահսկողություն սահմանվեց, սակայն 2022 թվականից հետո Ադրբեջանը փորձ է կատարում պոկվել Թուրքիայից, և սրան շատ անհանգիստ սպասում է ՌԴ-ն, որպեսզի կլանի Ադրբեջանը: Մյուս կողմից էլ Իրանը շատ վստահ ասում է, որ ՀՀ-ն իր սահմաններով կարմիր գիծ է իր համար, այսինքն՝ մենք չենք գտնվում Իրանի ազդեցության տակ, բայց Իրանն ասում է՝ սա իմ ազդեցության գոտին է, և այստեղ սահմանների փոփոխություն չպետք է տեղի ունենա: Հետաքրքիր «ճակատամարտ» է, որ արդեն շուրջ 2 տարի է՝ տևում»,- նկատում է նա:
Հովհաննիսյանը նշում է, որ այս իրավիճակում հայկական կողմին մնում է հստակեցնել պետությունների հետ իր հարաբերությունները, գործընկերների պարտականությունները. «Օրինակ՝ Ադրբեջանի հարձակվելու դեպքում ով ինչ դերակատարություն է ունենալու, ինչ դիրք է գրավելու: Այստեղ մենք դիվանագիտորեն պետք է աշխատենք և մեր ռազմական բալանսը օր առաջ կարգավորենք»