«Ադրբեջանական կողմի արձագանքը դրական տպավորություն թողեց»․ Արարատ Միրզոյան
Ընթանում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ամփոփիչ ասուլիսը։ Անդրադառնալով սահամանզատման գործընթացին՝ նախարարն ասաց, որ կա ընկալում՝ ինչպես և որտեղից շարունակել սահմանազատումը, և, որ առաջիկայում նախատեսվում է երկու երկրների փոխվարչապետերի հանդիպում։ Նա նաև հայտնեց, որ Բաքուն դեռ չի արձագանքել «Խաղաղության պայմանագրի» վերաբերյալ պաշտոնական Երևանի կողմից դեռևս 1,5 ամիս առաջ ուղարկված առաջարկներին։ Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ Միրզոյանն ասաց, որ այն չի սահմանափակվում միայն Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային ուղիների ապաշրջափակմամբ․ «Այն շատ ավելի լայն միջազգային օրակարգ է ձևավորում։ «Խաղաղության խաչմերուկ»-ը ողջունվել է մի շարք միջազգային դերակատարների կողմից։ Դրա կոմպոնենտներից մեկը Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային ուղիների ապաշրջափակումն է, այս մասով կրկին առաջարկ ենք արել ադրբեջանական կողմին։ Առաջնային արձագանքը իմ ընկալմամբ բավականին դրական էր, սակայն պաշտոնական պատասխան այս մասին ևս չենք ստացել։ Առաջարկը վերաբերվում է առաջին փուլում Հայաստանի հարավով անցնող՝ Երասխ-Նախիջևան-Մեղրի և այնուհետև էլի Ադրբեջան անցնող երկաթուղու ապաշրջափակմանը և բեռների տարանցմանը։ Մենք առաջարկել ենք ինչպես մաքսային սահմանային հատման ընթացակարգերի որոշակի պարզեցում, այնպես էլ նույն բեռների հավելյալ ապահովության մեխանիզմներ։ Ադրբեջանական կողմի առաջնային արձագանքը դրական տպավորություն թողեց»,- ասաց Միրզոյանը։