Աշնակի մշակույթի տան պատից ջնջել են հերոսների նկարները. գյուղապետը հրաժարական է տվել
Թալին խոշորացված համայնքի Աշնակ գյուղում սկանդալ է հասունացել:
Այս մասին գրում է «Առավոտ»-ը:
Գյուղի մշակույթի տունը վերանորոգվում է:
Այդ պատրվակով պատից օրերս «մաքրվել» են Նժդեհի և Մոնթեի նկարները: Միջադեպն անաղմուկ չի անցել. տեղացիներն ընդվզել են, անհամաձայնություն են հայտնել, «միջոցառումն» իրականացվել է վեճի հասնող խոսքուզրույցով: Այս ամենի արդյունքում, վարչական շրջանի ղեկավար Սասուն Դավթյանն էլ հրաժարականի դիմում է ներկայացրել: Դիմումն ընդունվել է խոշորացված համայնքի ղեկավարի կողմից և 13 տարի Աշնակը ղեկավարած նախկին գյուղապետ-վարչական շրջանի ղեկավարն այլևս չի պաշտոնավարի: Աղբյուրի հետ զրույցում Սասուն Դավթյանը հայտնել է, որ իր կամքին հակառակ այնտեղ որոշվել է Աշնակի պարի խմբի նկարը դնել:
Աղբյուրը նաև փորձել է զրուցել Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի հետ, բայց նա խուսափել է զրույցից: