Ինչպե՞ս ստացվեց, որ բոլորին ձերբակալեցին, Սամվել Շահրամանյանին ռուսական ուղղաթիռով հասցրին Հայաստան. Էդգար Առաքելյան

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը ստորագրած Սամվել Շահրամանյանի «Եռաբլուր» այցելությունը պղծություն և անարգանք է համարում այնտեղ հուղարկավորված զոհերի հիշատակի հանդեպ:

Վերջինս կարծում է, որ Շահրամանյանի և «ղարաբաղյանի կլանի» գործունեությունը ուղղված է եղել Հայաստանում պետականության չեզոքացմանը՝ հակառակ Շահրամանյանի այն պնդումների, թե ԼՂ լուծարման փաստաթուղթը ստորագրել են, քանի որ իրենց համար առաջնահերթություն է եղել ՀՀ անվտանգությունը:

«Շահրամանյանը, որը պալատական հեղաշրջման արդյունքում ղեկավարել է Արցախը, իրավունք չունի խոսել անկախության և ինքնիշխանության մասին, քանի որ իր ստորագրությունն է դրված այն փաստաթղթի տակ, որով լուծարվել է Արցախը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Առաքելյանը:

Անդրադառնալով Շահրամանյանի մեկ այլ հայտարարությանը, թե ԼՂ-ի վերաբերյալ փաստաթուղթը, որը ստորագրվել է, հակասահմանադրական է եղել և իրավական ուժ չունի՝ զրուցակիցն ասում է՝ այն, ինչ ստորագրել է Շահրամանյանը, դրա բոլոր կետերն իրացվել են, և, փաստացի, դրա հիման վրա է, որ այսօր Լեռնային Ղարաբաղը գոյություն չունի: Ըստ Առաքելյանի՝ այդ փաստաթուղթը, բացի իրավական կարգավիճակից, ունի նաև քաղաքական կարգավիճակ:

«Եթե մարդն ընտրվել է երկրի նախագահ՝ փաստացի իմանալով ամբողջ սպառնալիքները, որոնք այդ պահին առկա են, վերցրել է պատասխանատվություն, հետո գնացել է նման փաստաթղթի ստորագրման, կարծում եմ՝ արել է գիտակցաբար, և այստեղ որևէ արդարացում չկա: Կամ եթե նույնիսկ այդ փաստաթուղթը իրավական չէ, ապա պետք է այդ մասին գոնե քաղաքական հայտարարություն արվեր ԼՂ ԱԺ մակարդակով, ինչը տեղի չի ունեցել, և դրանք սին արդարացումներ են: Ավելին՝ Շահրամանյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի մեջ իր մասնակցությամբ ներառել է նաև Հայաստանի մասին դրույթ. այնտեղ կետ կա ՀՀ զինված ուժերի մասին: Սա ես համարում եմ դավաճանական քայլ, քանի որ այդ դրույթը հետագայում Ադրբեջանն օգտագործելու է ՀՀ-ի դեմ միջազգային ատյաններում»,- կարծում է նա:

Էդգար Առաքելյանի համոզմամբ՝ Շահրամանյանը և ԼՂ նախկին իշխանության մի շարք ներկայացուցիչներ քաղաքականությունից, միջազգային հարաբերություններից բացարձակ չհասկացող անձնավորություններ են:

«Եվ այդ Շահրամանյան նախագահը, որն այսօր հոխորտում է, թե Արցախը հետ կբերեն, հենց Արցախում չկարողացավ պահպանել Արցախը, ընդհակառակը՝ նպաստեց դրա կորստին, հայաթափմանը և էթնիկ զտմանը, իսկ ինքը շատ ապահով կարողացավ գալ ՀՀ՝ ի տարբերություն Արցախի մյուս նախկին նախագահների, որոնք առաջին արցախյան պատերազմում ունեցել են որոշակի դերակատարում: Այստեղ էլ են հարցեր առաջանում, թե ինչպե՞ս ստացվեց, որ բոլորին ձերբակալեցին, բայց Շահրամանյանին ռուսական ուղղաթիռով հասցրին Հայաստան: Ընդհանրապես Շահրամանյանի հետագիծը Արցախի պատմության վերջին ժամանակահատվածում բավականին կասկածներ է հարուցում, և կան շատ հարցեր, որոնք պետք է բարձրաձայնել, և կարծում եմ՝ այդ հարցերին նաև պետք է տրվեն քրեաիրավական գնահատականներ: Այսօր Շահրամանյանը և «շահրամանյանները» ոչ թե պետք է գնային «Եռաբլուր», այլ համապատասխան վայրերում ցուցմունք տային, թե ինչպես ստացվեց, որ այդպես եղավ»,- ասում է քաղաքագետը:

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանություններին ուղղված՝ ԼՂ նախկին ղեկավարության ամենատարբեր պահանջներին՝ արցախահայության վերադարձի, վերադարձի հարցի միջազգայնացման առումով, Առաքելյանը կարծում է, որ դրանք իրականում միտված են Հայաստանին հերթական բախման մեջ ներքաշելուն:

«Երբ Արցախում էին, պահանջում էին, որ ՀՀ ԶՈՒ-ն միջամտի և բացի այդ միջանցքը, երբ Ադրբեջանը հարձակվեց, հենց Արցախի ԶՈՒ-ն ուներ այդ հնարավորությունը՝ բացելու կամուրջը և ճանապարհ դեպի Հայաստան, սակայն չարեցին: Ժամանակին արցախյան կլանի ներկայացուցիչները 20 տարի ղեկավարել են ՀՀ-ում, ունեին շատ մեծ հնարավորություն և ժամանակ՝ այդ հարցերը կարգավորելու, բայց գիտենք՝ ինչով են զբաղվել: Իհարկե, Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք, սակայն այն խոսույթը, որ ներկայացնում են Արցախի ինքնակոչ ներկայացուցիչները, չեմ կարծում, որ իրատեսական է և ուղղված արցախահայության վերադարձին»,- ասում է նա:

Առաքելյանի բնորոշմամբ՝ այս անձանց նպատակը Հայաստանում իշխանազավթում իրականացնելն է, ինչպես դա արել են ԼՂ-ում. «Իրենց նպատակը ՀՀ ինքնիշխանության, պետականության լուծարումն է, ինչպես արել են Արցախում, հայկական բանակի լուծարումն է, ինչպես արել են Արցախում, ՀՀ-ն ռուս-բելառուսական միութենական պետությանը միացնելն է, ինչպես գրված է Դաշնակցության ներքին շրջանառության փաստաթղթում: Իրենց նպատակն է նշանակվել գուբերնատորներ, կամ կեղծված ընտրություններով կվազիղեկավարներ գան և բազմեն Հայաստանում: Այդ մարդկանց մի մասը «полезный идиот»-ներ (օգտակար ապուշ) են, որոնց օգտագործում են դրսի ուժերը: Ինչպես Քոչարյանն է նշում, Հայաստանը պետք է լինի միավորման ներսում, որպեսզի հաշվի նստեն ՀՀ-ի հետ, և սա հայտարարում է մի մարդ, որը տասը տարի նախագահ է եղել»,- ասում է զրուցակիցը:

Ըստ նրա՝ ԼՂ գործոնը, որն օգտագործվում էր ՀՀ-ի դեմ, այսօր փաստացի չկա. «Բնականաբար, ՀՀ-ի վրա ազդելու ամենակարևոր լծակից զրկվել են դրսի համապատասխան ուժերը և այսօր փորձում են շահարկել արցախահայության վերադարձի թեման. ի՞նչ են իրենք առաջարկում, որ Ադրբեջանի հետ ստորագրվող փաստաթղթերում ներառվի արցախահայության վերադարձի հարցը: Իրենց մոտեցումները վերադարձի լրիվ տարբեր են, ապրում են հեքիաթներով՝ կտրված իրականությունից և կատարում են դրսի պատվերներ, որը չի համապատասխանում ՀՀ պետական շահերին: Այո, արցախահայությունը ունի վերադարձի իրավունք, այդ իրավունքը հնարավոր է միջազգային ատյաններում բարձրացնել, այդ վերադարձը կարող է տեղի ունենալ միջազգային երաշխիքների և խաղաղապահության ներքո և ոչ թե իրենց պատկերացրած երկրի երաշխիքների»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *