«Ոչ ոք ոչ ոքի չի ընտրել». Սալոմե Զուրաբիշվիլին դուրս է եկել ցույցի
Զուրաբիշվիլին իր առաջին հայտարարությունն արեց այն բանից հետո, երբ խորհուրդը հայտարարեց Վրաստանի նոր նախագահի մասին
Վրաստանի` դեռևս գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում կրկին բողոքի ցույցի է դուրս եկել։ Նա առաջին հայտարարությունն է արել նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիի՝ Վրաստանի նոր նախագահ հռչակվելուց հետո։
Զուրաբիշվիլին դուրս է եկել մայրերի երթի մասնակիցների մոտ, որոնց հարազատներին ձերբակալել են վրացական ուժայինները։ Նա շնորհակալություն է հայտնել ցուցարարներին, ովքեր չեն ճանաչում խորհրդարանում անցկացված նախագահական ընտրությունների օրինականությունը։
«Ոչինչ չկա, ոչ ոք ոչ ոքի չի ընտրել, ոչինչ չի եղել»,- ասել է նախագահը։
Ավելի վաղ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները և մտադիր չէ լքել իր պաշտոնը։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, շաբաթ օրը՝ դեկտեմբերի 14-ին, Վրաստանում կայացան նախագահի ընտրությունները։ Առաջին անգամ նախագահին ընտրել են ոչ թե քաղաքացիները, այլ ընտրական կոլեգիան, որտեղ մեծամասնություն ուներ «Վրացական երազանք» կուսակցությունը։
Ձայների մեծամասնությամբ նախագահ է ընտրվել նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին։ Նա «Վրացական երազանք»-ի միակ թեկնածուն էր։
Կավելաշվիլին «Ժողովրդի իշխանություն» առանձին խմբավորման առաջնորդն է։ Սակայն վերջին ընտրությունների ժամանակ նա խորհրդարան է մտել` որպես «Վրացական երազանք» ցուցակի 18-րդ համարը։
Կավելաշվիլին վրացական ֆուտբոլի վետերան է։ Նա եղել է Վրաստանի հավաքականի անդամ և հանդես է եկել մի շարք ակումբներում, այդ թվում՝ Վրաստանում, Բրիտանիայում, Շվեյցարիայում և Ռուսաստանում։
Վրաստանում նախագահական ընտրությունների ֆոնին շարունակվում են հանրահավաքները, որոնց մասնակիցները չեն ճանաչում ընտրությունների օրինականությունը։