Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը՝ Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի ձեռամբ ավարտվեց: Այդ առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից հավատացյալների երկրպագության համար Գյումրի է բերվել Փրկչի Խաչափայտի մասունքը։
Մասունքը հավատացյալների երկրպագության համար եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը։
Նշենք, որ բազմաթիվ հավատացյալներ պատարագին են մասնակցել եկեղեցում:
«Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ, գոհունակությամբ առ Բարձրյալ Աստված կատարեցինք Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերօծման արարողությունը: Հոգևոր ցնծությամբ են լցված ամենքիս հոգիները՝ 150-ամյա այս տաճարը, որն ավերվեց 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով, աղետից 36 տարի անց վերստին իր դռներն է բացում քրիստոսասեր ու ավանդապահ գյումրեցի հավատավոր մեր զավակների և ուխտավորների առջև:
Խորհրդանշական է, որ երկրաշարժի նույն օրը կատարում ենք տաճարի վերօծման արարողությունը: Մեր հոգիները, որոնք կրում են ողբալի իրադարձության վիշտն ու դեպքերը, եկեղեցու վերականգնման առիթով ուրախալի զգացմունքներով են պարուրվում՝ որպես առհավատչյան նաև այսօրվա մեր նեղությունների ու խնդիրների հաղթահարման: Մեր ազգի խաղաղ առաքելությամբ տասնամյակների ընթացքում մեր ժողովուրդն իր աշխատանքով ու բարեկամ ժողովուրդների աջակցությամբ շտկեց իր մեջքը և վերածնունդ առավ: Խոնարհված այս եկեղեցին ավերակների միջից վեր հառնեց Շիրակի թեմի բարեպաշտ ժողովրդի ու զորեղ հավատքի շնորհիվ:
Այսուհետ Տիրոջ ողորմությամբ և ձեր աղոթական մասնակցությամբ վերսկսվելու են աստվածապաշտական արարողությունները այս սուրբ եկեղեցու հարկի ներքո: Միշտ հիշե՛ք նվիրումի ու առ Աստված հավատքի շնորհիվ կառուցվող ու վերականգնվող ամեն մի սրբավայր դառնում է հույսի և զորության աղբյուր:
Անժխտելի ճշմարտություն է, որ մեր ժողովրդի հոգևոր կյանքը եկեղեցու շուրջ համախմբվելով է ծաղկում: Շիրակցիների հավատավոր ոգու յուրահատուկ խորհրդանիշ է այս սուրբ եկեղեցին: Սիրելինե՛ր, որքան ամուր դարձնենք մեր հավատքն, այնքան զորություն պետք է ունենանք՝ միասնաբար մեր կյանքի նեղությունները հաղթահարելու: Հայրապետական մեր պատգամն է ձեզ՝ միշտ լինեք ոգով անկոտրում և հոգևոր մեր արժեքները դարձնեք ամուր հիմքը միասնության: Միշտ շեն ու բանուկ պահեք ճանապարհը դեպի այս նվիրական Տաճար»,- իր խոսքում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Վեհափառ Հայրապետը, իր գնահատանքը բերելով 25 տարի անմնացորդ նվիրումով Շիրակի թեմն առաջնորդող Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, նվիրյալ ծառայության համար նրան նվիրեց եպիսկոպոսական պանակե և Քրիստոսի խաչելիության սրբապատկերը:
Վահափառ Հայրապետն իր գոհունակությունն ու գնահատականը տվեց թեմի եկեղեցականներին, ինչպես նաև եկեղեցու վերականգնման գործում իրենց նպաստը բերած անձանց՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ: Եկեղեցու վերականգնման աշխատանքներին նպաստելու համար Վեհափառ Հայրապետը Վարդան Ղուկասյանին փոխանցեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու շքանշանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/e0d2845587ecbd1b4687ca89dc88ce91?fbclid=IwY2xjawHB_StleHRuA2FlbQIxMQABHWrjQ2W4aI5jvtcGJrd3ZeNLYzj-hyjd80XGbC_2QNUHy7kwvyG0f0yBLQ_aem_uqmdk0oxRCoTQPaiAuWMCg
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»