Քանի որ ես հնարավորություն չունեմ գործադուլով Ավինյանին ինչ-որ բաներ պարտադրելու, ստիպված՝ իմ ձեռքից եկածն եմ անում: Իսկ իմ ձեռքից եկածն առանձնապես մեծ բան չէ՝ ամեն առիթով մի նոր «ողջույն» հղել քաղաքապետին: Բայց, ինչպես ասում են, ողջույններից դեռ մարդ չի մեռել: Նիկոլը` վկա: Պարոն Ավինյան, վերջին, ամենաթարմ ողջույնս Ձեզ՝ երեկ Հանրապետության հրապարակում ձեր կազմակերպած էշի հարսանիքի կապակցությամբ: Ինչո՞ւ էիք փակել հրապարակը: Հանկարծ չասես՝ տոնածառ էինք դնում: Տոնածառի շուրջն այդ պահին ամայի էր: 1-2 ոստիկան, մետաղյա արգելապատնեշները շարած, իրենցից գոհ՝ տնկված էին հրապարակի կենտրոնում, իսկ Տիգրան Մեծից հրապարակ մտնող ողջ ավտոհոսքը ստիպված էր ճանապարհը շարունակել Նալբանդյան փողոցով:
Հրապարակը փակ էր նաեւ Աբովյան փողոցի սկզբնամասում: Եվ, պատկերացրու, այդ ժխորի մեջ հանկարծ նկատեցի, որ ես ողջույններ հղող միակ վարորդը չեմ: Դա ինձ ավելի թեւավորեց, իսկ երբ հասա Նիկոլի աշխատասենյակի լուսամուտների մոտ, ողջույններս ավելի թեժացան: Կողքովս մի կերպ սողացող «Մերսեդեսի» վարորդը գլուխը հանեց, թե՝ ախպեր, Նիկո՞լն ինչ մեղավոր ա… Այ, այդտեղ արդեն շներին կապիր, ինձ բաց թող.
- Ո՞նց թե՝ ինչ մեղավոր ա, չտեսա՞ր էն օրը ԱԺ-ում ինչպես պաշտպանեց Ավինյանին ու «քցեց» գործադուլավոր վարորդներին: Նիկոլը չի՞ Ավինյանին քաղաքապետ դարձրել: Հլա հիշիր, թե ոնց դարձավ քաղաքապետ եւ ում շնորհիվ:
- Հա, բայց Նիկոլը նրան չի ասել, չէ՞, առավոտ շուտ կարթնանաս ու, առանց որեւէ մեկին զգուշացնելու, Հրապարակը կփակես:
- Ուզում ես ասել՝ Ավինյանն ինքնագլո՞ւխ է այս ամենն արել: Ինչի Ավինյանը քանի՞ գլուխ ունի, որ առանց Նիկոլին հարցնելու նրա պատուհանի տակ էշի հարսանիք սարքի: Արդեն երկու ամիս է՝ տոնածառ է դնում, մի երեք ամիս էլ կհավաքի: Սա բա՞ն է, որ անում են: Նախկիններն էլ էին տոնածառ դնում: Երկու օր դնելն էր տեւում, երկու օր՝ հավաքելը:
Այսպես ասել-խոսելով հասանք Սախարովի հրապարակ: Այնտեղից նա մտավ Վարդանանց, իսկ ես գնացի Թումանյան, որ շրջանցեմ հրապարակն ու հասնեմ գործի: Գործատեղ հասնելուն պես միացրի համակարգիչը, որ շարունակեմ ողջույններիս տարափն արդեն գրավոր տեսքով: Հուսամ՝ գոնե այսպես խոսքս կհասնի Ավինյանին, ինչ-որ տեղ՝ նաեւ Նիկոլին, ու նրանք կհասկանան, որ Նոր տարին շռնդալից դիմավորելով՝ ոչնչի չեն հասնելու, չեն կարողանալու սրբել այն ամոթն ու թուքումուրը, որ վաստակել են այս տարիների ընթացքում: Ի՞նչ պիտի փոխվի նրանց կյանքում՝ կեղծված ընտրություննե՞րը պետք է մաքրվեն, Արցախի հայաթափո՞ւմը, բանակի ոչնչացո՞ւմը, Հայաստանի օկուպացիա՞ն, իսկ գուցե մետրո՞ն ինքնըստինքյան կկառուցվի, եթե տոնածառի վրա մի խաղալիք ավել կախեն, տրանսպո՞րտը կէժանանա, եթե առիթ-անառիթ՝ հրապարակը փակեն, իբր կարեւոր գործ են անում:
«Մերսեդեսի» վարորդն ինձ ասում է՝ Նիկո՞լն ինչ մեղավոր ա… Եղբայր, բա ո՞վ է մեղավոր: ԱԺ-ում վեր կացել՝ Կոբախիձե է խաղում, ասում է՝ մենք խաղաղ ճանապարհով (սահմանների դելիմիտացիայով) հետ կբերենք մեր տարածքները: Այ տղա, դու սահմաններն ինչքան դելիմիտացնում ես, Հայաստանն այնքան փոքրանում է: Կոբախիձեի գործը Ռուսաստանի հետ է, այ բալամ: Ռուսաստանն Աբխազիան էլ հետ կտա, Հարավային Օսիան էլ, միայն թե Վրաստանն իր հետ լինի: Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրով քեզ ի՞նչ է հետ տալու՝ Ստեփանակե՞րտը, Հադրո՞ւթը, Շուշի՞ն, Կիրա՞նցը, Սեւ լի՞ճը, Ջերմուկի սարե՞րը, Տիգրանակե՞րտը, Գորիս-Կապան ճանապա՞րհը, իսկ գուցե մտածում ես՝ Ալիեւը կհրաժարվի՞ «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթից:
Վա՜յ, ողորմելի… Թե բա՝ «ազգ-նահատակ»… Էս ոջլոտ, անկիրթ խմբակն ինչպե՞ս տիրացավ Հայաստանին, ո՞վ բերեց սրանց, ո՞վ է մինչ օրս պահում-գուրգուրում: Մենակ սրանց բերողի անունն իմանայի: Չէ, ժողովուրդը չի բերել սրանց: Տեսեք, թե Թիֆլիսում ովքեր են խաղացնում սրանց նմանակներին: Նրանց ո՛չ Աբխազիա է պետք, ո՛չ Հարավային Օսիա: Նրանք միայն Վրաստանի կործանումն են տենչում: Ուկրաինայում էլ նույն վիճակն է: Մի դերասան նախագահ ունեն՝ հայտարարել է, թե պատրաստ է ռուսների հետ բանակցելու, բայց հույս չունի ո՛չ Ղրիմը, ո՛չ էլ Դոնբասը հետ բերել: Իսկ ինչի՞ շուրջ ես ուզում բանակցել ռուսների հետ, Ուկրաինայի մնացած տարածքների՞, որոնց վրա աչք ունեն քո երեկվա արեւմտյան պարտնյորները: Թե բա` ինձ հեռահար հրթիռներ տվեք, որ Ռուսաստանի հերն անիծեմ: Իյա, իրո՞ք… Ուշացել ես, Զելենսկի, բանակիդ հերն անիծված է, ինչպես մեր բանակինը, դու այսօր այնքանով ես նախագահ, ինչքանով մերը՝ վարչապետ:
Ու էլի մտքիցս դուրս չի գալիս «Մերսեդեսի» վարորդի կշտամբանքը՝ Նիկոլն ի՞նչ մեղավոր ա: Իհարկե, մեղավոր չի, մեղավորը Հովիկ Աղազարյանն ա, որ ներկուսակցական եւ պետական գաղտնիքի արտահոսք է տվել: Նիկոլն ասում է՝ ես կապ չունեմ, անկախ իրավապահ մարմինը Հովիկի հեռախոսը վերցրել է, քրքրել, բաներ է գտել մեջը: Ուզում ես ասել՝ աշխարհ կանգնի, իջնող կա: Բա ինչո՞ւ այդ անկախ իրավապահ մարմինը քո հեռախոսն էլ չքրքրեց, որ տեսնի՝ ինչ ես ասել-խոսել, բանավոր պայմանավորվել Ալիեւի հետ, ինչ ես ասել Արայիկ Հարությունյանին, երբ նա զենք ու զորք էր ուզում՝ Շուշին պահելու համար, ինչ ես ասել Պուտինին, երբ քեզ առաջարկել է դադարեցնել պատերազմը եւ Շուշին պահել հայկական, ի՞նչ ես պայմանավորվել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության «անկախ» հանձնաժողովի նախագահ Քոչարյան Անդոյի հետ՝ նախքան պատերազմի մասին ցուցմունքներ տալդ… Հովիկ Աղազարյանի հեռախոսում այսքան ինֆորմացիա կա՞: Թե բա՝ Հովիկը հասարակական-բարոյական նորմեր է խախտել: Տո դուք հասարակական-բարոյական նո՞րմ եք թողել, որ Հովիկը խախտեր: Դուք այնպես եք այլասերել այս հասարակությանը, որ այլեւս բուժում չեք թողել: Արդեն մեկ ամիս է՝ ընկել եք մարդու հետեւից՝ է՛լ կուսակցությունից հեռացնել, է՛լ ֆրակցիայից, մանդատն եք ուզում խլել, թե նա ժողովրդի տված մանդատն ի չարս է գործադրել: Շատ ծիծաղելի է, գիտե՞ս, Նիկոլ: Իսկ բանն ուղղակի զավեշտի է հասնում, երբ Հովիկը հայտարարում է, թե ցավով է թողնում «Քաղաքացիական պոռնոգրաֆիա» կուսակցությունն ու համանուն ֆրակցիան: Պարզ է, չէ՞, որ վախեցրել եք, սպառնացել: Դուք եք ասում՝ մանդատից էլ կզրկենք: Վտանգ եք զգացել երեւի: Ո՞նց թե՝ Նիկոլն ասի, ու Հովիկը չանի՞: Բա էլ ինչո՞ւ է «Մերսեդեսի» վարորդը նեղվում, երբ ես Ավինյանին ողջունելով գալիս-հասնում եմ Նիկոլին: Հիմա եթե Նիկոլն Ավինյանին չասեր, Ավինյանը հրապարակը կփակե՞ր, թե՞ Ավինյանը WhathsApp չունի, SMS-ներն էլ անջատել ա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/a100419512c23470584e41b972bda3b3?fbclid=IwY2xjawHAqfBleHRuA2FlbQIxMQABHbVtNX-9ZV9vBrIRJnK2BK9ltEPGsQswMKFZ_s9PWwjO1drQn_ZiNWOTaA_aem_p_6JB6zdqG861sDEb-N35A
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»