ՎԵՐԵՒՈՒՄ, ՈՐ ԿՈՌՈՒՊՑԻԱ ՉԼԻՆԻ, ՆԵՐՔԵՒՈՒՄ ՉԻ ԼԻՆԻ․․․

Վերջին շրջանում ավելի հաճախակի են դարձել այս կամ պաշտոնյայի կոռուպցիոն գործարքների մասին քննչական հաղորդումները։ Սրան բռնեցին, նրան բռնեցին․․․ հետոն էլ գիտեք։ Ոնց բռնում, այնպես էլ բաց են թողնում։ Ես այդ պաշտոնյաներին լիմոնի եմ նմանեցնում՝ բռնում, հյութը քամում է,  հետո ասում՝ գնա, մնացածն էլ թող երեխեքդ լպստեն․․․ Ստեղծում է մեծ- մեծ կոռուպցիոն հանձնաժողովներ ու էլ ինչ ասես, բայց սայլը տեղից չի շարժվում։ Եկող պաշտոնյան  էլի նույն ճանապարհն է բռնում․ լվի նման արյուն է ծծում, ուռչում, փքվում, հետո վրա է հասնում լվապետը և լվից սկսում է ձեթ քամել․․․ Ու սա համարում են կոռուպցիայի կանխարգելում։ Այստեղ մի փոքր շունչ քաշենք․  
Ես ձեզ էլի եմ պատմել պատկառելի  տարիքով, պատասխանատու պաշտոններ զբաղեցրած  մի մարդու մասին, որն իր փորձով միշտ կիսվում ու չի ուզում երևալ։ Այսօր, էլի հերթական կոռուպցիոներին բռնելու լուրն առնելուց հետո, զանգեց ինձ՝ լավ, ինչքա՞ն կարելի է հանրությանը խաբել,- ասաց բարկացած ու պատմեց․ 

«Ինձ նշանակել էին մի մեծ կոլտնտեսության ղեկավար։ Կաթի արտադրությամբ մենք զիջում էինք այլ գյուղերի։ Ֆերմաներ գնացի ու տեսա, որ բոլոր կթվորները գործի ավարտին  իրենց տուն են  տանում մի հինգ լիտրի չափ կաթ։ Դա ոնց որ ընդունված  բան էր դարձել։ Մի ֆերմա գնացի։ Գործի ավարտն էր։ Փողը տվեցի և կաթ գնեցի։ Կթվորների աչքերը ճակատներ թռան՝ էդ ո՞նց, նախագահը կա՞թ է փողով գնում։ Հաջորդ օրն իմացա, որ մարդիկ էլ կաթ չեն տանում։ Մի շաբաթ հետո ինձ զեկուցեցին, որ մարդիկ եթե կաթ են ուզում, փողով գնում ու տուն են տանում։ Այդպես կոլխոզը ոտքի հանեցի։ Ասածս ի՞նչ է,- շարունակեց,- կոռուպցիան վերացնելու մի ձև կա։ Պաշտոնյան իր աչքով պիտի տեսնի կոռուպցիա վերացնող առաջին դեմքի անձնական օրինակը։ Արշակունիների առաջին թագավոր Վաղարշ Ա-ն, երբ իշխանության էր, առաջինը հսկողություն է սահմանել իր ընտանիքի վրա, որպեսզի ինչ որ մեկն իր վարքով, բարքով, կենցաղով չնպաստի պաշտոնյաների գայթակղությանը։ Պաշտոնյան գայթակղվում, գողանում է, երբ տեսնում է առաջին դեմքի անձնական օրինակը։ Էլ պետք չի ասեմ, թե Փաշինյանի ընտանիքը ինչ է ցուցադրում, ինչ է անում, որ պարզ լինի, թե ինչու են պաշտոնյաները գողանում, կոռուպցիոն սխեմաների մեջ մտնում։  Ընդամենը պետք էր, որ ինքն իր անձնական օրինակով մարդկանց կոչեր զսպության, չափավորության»։

Հասարակ, պարզ օրինակ է։ Պաշտոնյան տեսնում է Փաշինյանի օրինակն ու փորձում նմանվել նրան։ Ինչու՞ իմ կինը, երեխաները  չպիտի լինեն լորդերի պալատում, հանդիպեն Հռոմի Պապի հետ։ Ինչու՞ իր կինը չպիտի փաշինյանի կնոջ նման շքեղ պայուսակներ ու ավտոմեքենա գնի․․․ Իրենց չափով, ինչքան կարողանում, անում են։ Կոռուպցիան վերացնելու մի պարզ ձև կա, առաջին դեմքի աձնական օրինակը։ Թե չէ հակառուպցիոն կոմիտե, քննչական կոմիտե, հանձնաժողովներ, ենթահանձնաժողովներ, բոլորը  վերևի անձի կոռուպցիան թաքցնելու ու ներքևներին պլոկելու համար են ստեղծվում։ Վերևում ընդամենը մեկ անձ պիտի զուսպ լինելու իր օրինակը ցույց տա։ Այսքանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/43f63c449fef7fcbdaf8a169dad79ac2?fbclid=IwY2xjawHAqhNleHRuA2FlbQIxMQABHdvIQ3wCiDjCqGn1oTWdhltmryCd8wfxC-vht8zpCTJYD3e7byYNZEGv7w_aem_aYpUV6VhF847EtGRud6lPw

© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *