Հանդես գալով մեղադրական հայտարարություններով և թիրախավորելով Հայաստանում գտնվող Եվրամիության դիտորդական առաքելությանը՝ Ռուսաստանը նպատակ ունի ամեն գնով պահպանել իր դերը տարածաշրջանում և թույլ չտալ, որ երկար սպասված խաղաղությունը վերջապես հաստատվի։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում քաղաքագետ Հայկ Սուքիասյանը՝ մեկնաբանելով «Союзники. ОДКБ» հրատարակությանը Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի տված հարցազրույցը:
«Տեսնում ենք, որ ասել է, թե Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում «ազնիվ միջնորդի» իր դերից։ Եթե իրենք են ասում ազնիվ բառը, ապա նշանակում է, որ խոստովանում են մինչև այսօր ազնիվ չլինելու փաստը, բայց հաշվի չեն առնում, որ նախքան միջնորդ լինելը՝ պետք է հայտարարություններ տարածեին կամ տարածեն, հայտարարեն, որ որպես միջնորդ ու պետություն հարգում ու անվերապահորեն պաշտպանում են պետությունների տարածքային ամբողջականության միջազգային իրավունքը։ Եթե այդ բոլորը անեին կամ անեն, Հայաստանին ապացուցեին, որ «ազնիվ միջնորդ» են, մենք արդեն կմտածեինք»,- նկատում է նա։
Վերջինս ընդգծում է՝ դեսպանի՝ միջնորդության մասին խոսակցության բարձրաձայնումը խոսում է նաև այն մասին, որ Կրեմլին դուր չի եկել ՌԴ միջնորդության վերաբերյալ արված՝ ՀՀ վարչապետի հայտարարությունը, ըստ որի՝ «այս պահին Հայաստանը Ադրբեջանի հետ աշխատում է երկկողմ ձևաչափով, և քանի դեռ կարողանում է նման կերպ առաջ գնալ, ամենաճիշտն այդ ձևաչափն է»:
«Այո՛, մենք որևէ միջնորդի կարիք չունենք, եթե անգամ Ռուսաստանը ներկայանա ազնվականի տեսքով։ Պարզապես վարչապետի այդ հայտարարությունից հետո իրենք ևս հասկացել են, որ Հայաստանը խնդիրների լուծմանը մոտ քայլեր է ձեռնարկում, դա կարողանում է անել միայնակ, փորձում է Խաղաղության պայմանագրի հետ կապված կետերը համաձայնեցնել։ Եվ հենց այս պահին Ռուսաստանը որոշել է ամեն կերպ խոչընդոտել կատարվող ընթացակարգերին։ Դա էլ արդեն իրենց խնդիրն է։ Ռուսական քաղաքականության կոստանտն է․ լինել երրորդ կողմ՝ իբրև թե օբյեկտիվ միտումներով, բայց իրականում ունենալ սուբյեկտիվ միտումներ, փորձել միջամտել լուծումներին, թույլ չտալ, որ իրականացվեն թե՛ սահմանազատման, թե՛ Խաղաղության պայմանագրի կարգավորումները»,- ասում է Սուքիասյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը արդեն վաղուց տեղյակ է, թե ինչեր կարող են լինել, եթե Ռուսաստանը հայ-ադրբեջանական հարաբերություններում միջնորդի դեր ստանձնի, ուստի հիմա էլ պետք է գիտակցել, որ ռուսական կողմի միակ ցանկությունը կոնֆլիկտ հրահրելն ու իր ներկայությունը տարածաշրջանային երկրներում ապահովելն է․ «Ռուսաստանը այստեղ ներկա է եղել, որովհետև ժամանակին կոնֆլիկտներ է առաջացրել տարածաշրջանային երկրներում ու համոզել, որ եթե ինքը ներկա չլինի տարածաշրջանում, այդ կոնֆլիկտները լուծումներ չեն գտնի։ Ժամանակին մեզ էլ է համոզել, որ եթե ինքը չլինի, թուրքը «կուտի» մեզ, սակայն հիմա տեսնում է, որ Հայաստանը ելքեր է որոնում: Ռուսաստանը ընկել է դռնեդուռ, աղաչում է Ադրբեջանին, որ իրեն միջնորդ կարգի, Իրանին խնդրում է, ասում է՝ ԵՄ դիտորդները քո դեմ են գործում, դու էլ մի բան արա, բայց շանսեր չունի, կիսամեռած պետություն է»։
Ըստ Սուքիասյանի՝ Ռուսաստանի նպատակն է, որ արևմտյան երկրները «խաչ քաշեն» Հայաստանի վրա, հեռանան հայկական հարաբերություններից, չխառնվեն բանակցային գործընթացներին։
«Այսինքն, եթե ուզում ենք, որ մեր հեղինակությունն էլ ընկնի, ապա կարող ենք ընդամենը կանգնել ՌԴ-ի կողքին, ու մի վայրկյանում հեղինակություն չենք ունենա։ Մենք ռուսական կողմի հետ որևէ գործարքի չենք գնալու, դա աշխարհի կարգը խախտող պետություն է, որը ժողովուրդների ու կոնֆլիկտների լուծման կամ բարեկեցության մասին չի մտածում։ Ինքն այժմ Ուկրաինայում «սղկվում է», ելքեր է որոնում, փորձում է, իր ընկալմամբ, «հարիֆ» հայ ժողովրդին, որին դարերով խաբել է, նորից խաբել։ Գերտերության ղեկավար է, սակայն չոքում է Ալիևի հոր գերեզմանի մոտ, պառկած վիճակում է։ Լավ խոսք ունենք՝ «հաչան շունը կծան չէ», հիմա ՌԴ-ն այդ կարգավիճակում է»,- կարծում է զրուցակիցը: