«Եթե ես վարչապետ լինեի, գետինը կմտնեի»․ Գեղամ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին
ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն այսօր տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ Մյասնիկյան փողոցը վերանորոգվել է և ասֆալտապատվել։ Պատգամավորը հարցրեց՝ եթե պարզվի, որ Մյասնիկյան պողոտան ամբողջությամբ վերանորոգված չէ, պատրա՞ստ է Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրել։
Փաշինյանն արձագանքեց․ «Հեծանիվով անցել եմ, նորոգված էր, եթե հատված կա, որ իմ տեսադաշտից վրիպել է ներողություն եմ խնդրում»։
Անդրադառնալով Մանուկյանի դիտարկմանը, թե տեսան մարդիկ դժգոհում են հայտարարագրումից, շեմ սահմանեցին, Փաշինյանը պարզաբանեց, թե շփոթմունք է տեղի ունեցել։ «Բա երկխոսությունն ինչի՞ համար է, իշխանությունը պետք է հաղորդակից լինի։ Եթե մարդը բան է ասում, և տեսնում ես, որ արդար է, պետք է ասես՝ չէ՛, ես իշխանություն եմ, չեմ փոխելու, ես ճշմարտության բարձրագույն աղբյուր եմ ու ակունք․ դա՞ եք ուզում»,- հավելեց նա։
Գեղամ Մանուկյանն ի պատասխան նշեց․ «Անկեղծ ասեմ՝ եթե ես վարչապետ լինեի, գետինը կմտնեի մի պարզ պատճառով՝ առավոտից իրիկուն կառավարության նիստում բողոքում եք, որ սխալ են զեկուցել, հանձնարարությունները չեն կատարել․․․ Լավ, ինչքա՞ն կարելի է»։